«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2003-06-21 | #118, 2003-06-24 | #119, 2003-06-25


ԵՎՍ ՄԵԿ ՄԵՐԺՈՒՄ. ԱՅՍ ԱՆԳԱՄ ԹԻՎ 46-ԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻՆ

Սահմանադրական դատարանում երեկ քննվող հերթական դիմումը դարձյալ վերաբերում էր մեծամասնական ընտրակարգին։ Այս անգամ դիմումատուն թիվ 46 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցված անկուսակցական Սամվել Տոնոյանն էր։

Այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մարտին Սուքիասյանըՙ ստանալով մոտ 3 հազար ձայն։ Եվ սա այն դեպքում, երբ Սամվել Տոնոյանը ստացել է մոտ 2100 ձայնՙ լինելով Մարտին Սուքիասյանի միակ մրցակիցը։

Դիմումատուն դատարանում սկսեց ընտրացուցակային խախտումներից։ Հիմնականում նշվեց, որ ցուցակներում ընդգրկված են եղել մահացած կամ հանրապետությունից բացակայող մարդկանց անուններ։ Ինչպես նաեւ տեղի են ունեցել խախտումներ արդեն քարոզչության փուլում։

Ապա դիմող կողմն անցավ այն խախտումներին, որոնք կապված են տարբեր տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմած արձանագրություններում հանձնաժողովների անդամներից ոմանց ստորագրությունների բացակայության հետ։

Ըստ դիմողի, թիվ 46 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին տրվել է 39 հազար քվեաթերթիկ, մինչդեռ բաշխվել է 38 հազար 980-ը։ Իսկ թե ի՞նչ են եղել 20 քվեաթերթիկներըՙ չկա որեւէ արձանագրություն։ Երեւի նույն «տրամաբանությամբ» էլ թվով 23 տեղամասերից յուրաքանչյուրին տրվել են ընտրողների թվի 105 տոկոսից ավելի քվեաթերթիկներՙ ընդհանուր 148 հատ։

Սամվել Տոնոյանի ներկայացմամբ, դեռեւս մինչեւ նախընտրական քարոզչությունը թիվ 46 ընտրատարածքում տեղի են ունեցել խախտումներ, որոնց արդյունքում, ըստ էության, արդար ընտրություններ չեն կայացել։ Իսկ ինչ վերաբերում է ընտրախախտումների վերաբերյալ դիմում-բողոքներին, ապա այդպիսիք Սամվել Տոնոյանի վստահված անձինք ներկայացրել են 11-ը։ Դրանց հիման վրա ստուգումներ են իրականացվել 7 ընտրատեղամասերում, որի արդյունքում 61 ձայն պակասեցվել է Մարտին Սուքիասյանի ստացած քվեներից, 15-ըՙ դիմումատուի։

Պատասխանելով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարցինՙ դիմող կողմը նշեց, որ 7 ընտրատեղամասերում ստուգումներ իրականացնելիս ներկա են գտնվել Սամվել Տոնոյանի վստահված անձինք, որոնց, սակայն, հնարավորություն չի տրվել արձանագրվող տվյալներին հավաստիանալու։ Իսկ ՍԴ նախագահի այն հարցադրմանը, թե ինչպիսին է վերաբերմունքն այն հանգամանքին, որ թիվ 46 ընտրատարածքի 36 ընտրատեղամասերի հանձնաժողովների 9-ական անդամներից եւ ոչ մեկն արձանագրություններ ստորագրելիս որեւէ հատուկ կարծիք չի գրել, դիմումատու Սամվել Տոնոյանը բացատրեց, թե ընտրատարածքում մթնոլորտը ստիպել է մարդկանց շտապ կատարել իրենց պարտականություններն ու հեռանալ։

Երեկվա դիմումի, ինչպես եւ նախորդների մեծամասնության կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահը կրկին անդրադարձավ այն խնդրին, որ ՍԴ, ըստ էության, չեն ներկայացվում ապացույցներ, ասենք, դատական կարգով բողոքարկվող ընտրախախտումների հիման վրա։

Պատասխանող կողմ հանդիսացող թիվ 46 ՏԸՀ նախագահի բացատրությամբ, հանձնաժողովը ընտրությունների արդյունքներն ամփոփել է համաձայն գործող օրենսդրության։ Ընտրացուցակները եղել են պատշաճ վիճակում, տեղամասային ընտրական հանձնաժողովները չեն թերացել իրենց պարտականություններում։ Քարոզարշավի ժամանակ ընտրախախտումներ լինելու մասին էլ որեւէ մեկից որեւէ դիմում տարածքային ընտրական հանձնաժողովում չի ստացվել։

Այսպես թե այնպես, Սահմանադրական դատարանը որոշեց մերժել Սամվել Տոնոյանի դիմումը։

Այնուհետեւ դատարանն անցավ հաջորդ դիմումին։ Այն ներկայացրել էր թիվ 16 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցված Շավարշ Քոչարյանը (ԱԺԿ)։ Այս ընտրատարածքում հաղթող է ճանաչվել անկուսակցական Վլադիմիր Բադալյանը։

Դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչեւ հուլիսի 1-ըՙ ժամանակի սղության պատճառով։ Իսկ այդ ընթացքում ներկայացվելու համար դատախազությունից պահանջվեց ուսումնասիրել այդ ընտրատարածքի մի քանի տեղամասերի ընտրացուցակները, ինչպես նաեւ ստուգել 2 տեղամասերում հանձնաժողովների անդամների ստորագրությունների իսկությունը։

Այսօր Սահմանադրական դատարանը կքննի ՆԳ նախկին նախարար, անկուսակցական Սուրեն Աբրահամյանի դիմումը թիվ 18 ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։ Այս ընտրատարածքում հաղթել է Գեւորգ Հակոբյանը Հանրապետական կուսակցությունից։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4