«Հայաստանի տնտեսությունում տարօրինակ իրավիճակ է ստեղծվելՙ ունենք փոքր, բայց առողջ բանկեր եւ մեծ, բայց «հիվանդ» արդյունաբերություն, եւ այդ երկու հատվածները շատ հեռու են իրարից», այսպիսի մտահոգիչ գնահատական էին տալիս բանկային համակարգի եւ տնտեսության իրական հատվածի վիճակի վերաբերյալ տնտեսագետները դեռեւս 5-6 տարի առաջ։
Միեւնույն ժամանակ նրանք փորձում էին գտնել այն դեղամիջոցները, որոնք թույլ կտային կանխարգելել բանկերի «վարակումը», ինչպես նաեւ խոշորացնել առեւտրային բանկերը եւ ավելացնել նրանց կողմից իրական հատվածի վարկավորումը։ Իբրեւ այս հիմնախնդրի լուծման ճանապարհ, տնտեսագետները մատնանշում էին տնտեսության իրական հատվածի առողջացումը։ Այդ նպատակով պետք է իրականացվեին բազմաթիվ միջոցառումներ.
1. իրական հատվածը դուրս բերել «ստվերից»,
2. ֆինանսական հոսքերը դարձնել թափանցիկ եւ հասկանալի թե հասարակության, թե վարկավորող կառույցի համար,
3. տնտեսապես ոչ կենսունակ, սնանկ ձեռնարկությունները լուծարել,
4. տնտեսապես կենսունակ, բայց անվճարունակ ձեռնարկությունները սնանկ հայտարարելու եւ նոր սեփականատեր ձեռք բերելու ճանապարհով առողջացնել,
5. ստեղծել նոր փոքր եւ միջին ձեռնարկություններ, որոնք կտան երկրի ներկա պահանջմունքներին համապատասխանող արտադրանք,
6. բարեփոխումներ իրականացնել դատաիրավական համակարգում, որպեսզի տնտեսական դատական վեճերն ավելի արագ լուծումներ ստանան,
7. բարձրացնել առեւտրային բանկերի կառավարման որակը, որպեսզի այն կարողանա ճիշտ գնահատել վարկավորման դեպքում բանկի հնարավոր ռիսկերը,
8. մեխանիզմներ ստեղծել վարկատուի եւ վարկառուի միջեւ հանցավոր սերտաճումը կանխարգելելու համար, եւ այլն։
Միեւնույն ժամանակ բոլորը հասկանում էին, որ այս խնդիրները բավականին բարդ են եւ դրանց արագՙ 1-2 տարում, լուծումներ տալու հավանականությունը փոքր էր։ Ուստի եւ անխուսափելի էր բանկային համակարգում որոշ դժվարությունների ի հայտ գալը։ Մասնավորապես, աճեց դասակարգված վարկերի, որոնց մեծ մասի վերադարձելիությունը խիստ կասկածելի էր, տեսակարար կշիռը, որը 1999 թ. փետրվար-մարտ ամիսներին կազմեց համակարգի ընդհանուր վարկային ներդրումների 22,7 եւ 22,6 տոկոսը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մոտ 11 տոկոսի համեմատ։ Սա արդեն հիվանդության նշան էր։
«Վարակի» տարածումը կանխելու համար Կենտրոնական բանկն ավելի խստացրեց իր վերահսկողությունը բանկերի նկատմամբ, քանի որ այժմ արդեն կարող էր առաջանալ շատ ավելի լուրջ սոցիալական, հասարակական խնդիրՙ «պայթած» բանկերի չվերադարձված ավանդներ, եւ որպես դրա հետեւանքՙ բանկային համակարգի նկատմամբ անվստահության աճ։
Ոչ կենսունակ բանկերը 2002¬2003 թթ. ընթացքում դուրս բերվեցին համակարգից։ Հայաստանի բանկային համակարգը թվային առումով կրճատվեց մոտ 30 տոկոսով։ Սա անշուշտ դժվար, երկրի քաղաքական եւ ոլորտի ղեկավարներից քաղաքական կամք պահանջող (հաշվի առնելով, որ դա նախընտրական շրջան էր), բայց միեւնույն ժամանակ, տնտեսական քաղաքականության տեսանկյունից արդարացված որոշում էր, որի արդյունքում ներկայումս առայժմ առկա են մոտ 200 ավանդատուի (ընդամենը) նկատմամբ սնանկացած բանկերի չմարված պարտավորություններ, վերահսկողության ընդհանուր դաշտում գործում են 21 առեւտրային բանկեր եւ սկսած 2002 թ. շահույթով աշխատող բանկային համակարգ (տես աղյուսակը)։
Ոլորտի ղեկավարներին հաջողվեց այնպես կառավարել իրավիճակը, որ իրականացվող բանկային ռեֆորմն անցնի առանց լուրջ ցնցումների։ Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ բանկային համակարգի մաքրմանը եւ առողջացմանը զուգահեռ Կենտրոնական բանկում կարողացան մշակել եւ ներդնել որոշ հիվանդությունները կանխարգելող համակարգեր, որոնք թույլ կտան պաշտպանել առեւտրային բանկեր չվերադարձվող վարկերից, ինչպես ընդունված է ասել, «քցող» հաճախորդներից, ինչպես նաեւ բանկի սնանկացման դեպքում (Աստված մի արասցե) վերադարձնել երաշխավորված ավանդները։
Ներկայումս Կենտրոնական բանկի կազմում գործում է վարկային ռեգիստրը, որում հաշվառված են առեւտրային բանկերի տված վարկերը, ինչպես նաեւ ներառված է դրանց «որակի» վերաբերյալ տեղեկատվություն։ Ռեգիստրից օգտվում են ՀՀ տարածքում գործող բոլոր առեւտրային բանկերը, ինչը թույլ է տալիս դրանց ղեկավարներին այլ բանկում վատորակ վարկ ունեցող վարկառուին վարկավորելիս ճիշտ գնահատել սեփական ռիսկերը։ Այս համակարգը, որը բավականին կոշտ է իր էությամբ, թույլ կտա ինչ-որ առումով առողջացնել նաեւ իրական հատվածը, քանի որ յուրաքանչյուր վարկառու այլեւս շատ պատվախնդրորեն պետք է վերաբերվի իր համբավին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գեթ մեկ բանկում չվերադարձված վարկ ունենալու դեպքում բանկային համակարգի դռներն իր առջեւ փակվում են մինչեւ հին վարկի մարումը։
Բացի այդ, փոփոխություններ եւ լրացումներ կատարելով ՀՀ բանկային օրենսդրության մեջ, ներկայումս ՀՀ կենտրոնական բանկի կազմում ստեղծվում է Ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման ֆոնդ։ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերն այս տարվա հուլիսի 1-ից սկսած, երաշխիքային վճարներ պետք է կատարեն այդ հիմնադրամՙ իրենց կողմից ներգրավված ավանդների միջին տարեկան 0.5 տոկոսի չափով։ Ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման ֆոնդը կսկսի գործել 2005 թ. հուլիսի 1-ից։ Երաշխավորված գումարը կլինի արտարժութային ավանդի համար 1 մլն հայկական դրամ, դրամային ավանդի համարՙ 2 մլն դրամ։
Ամփոփելով, կարելի է արձանագրել, որ Հայաստանին հաջողվել է քիչ թե շատ առանց ցնցումների հաղթահարել 1998¬1999 թթ. նշմարված եւ 2001 թ. բանկային համակարգում առավել ցայտուն դրսեւորված լրջագույն դժվարությունները։ Սակայն վերը նկարագրված տարօրինակ իրավիճակը դեռեւս չի հաղթահարվել, իսկ կյանքը տեղում չի մնում, առաջ է սլանումՙ բանկերի եւ համակարգի ղեկավարներին հին, դեռեւս չլուծված խնդիրներին զուգահեռ նոր մարտահրավերներ նետելով։ Պատրա՞ստ է արդյոք համակարգը դիմակայել դրանց, զարգանալ եւ իր հետ միասին զարգացնել տնտեսությունը։ Այս հարցի պատասխանը կտա ժամանակը, կապրենք, կտեսնենք։
ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ