«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2003-06-21 | #118, 2003-06-24 | #119, 2003-06-25


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈՐԴՈՅԻ ԳԻՆՈՒ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է հունիսի 22¬26-ը Ֆրանսիայի Բորդո քաղաքում անցկացվող աշխարհի ամենահեղինակավոր գինուՙ VINEXPO տոնավաճառին, որի հանդիսավոր բացումը կատարել է Ֆրանսիայի վարչապետ Ժ.-Պ. Ռաֆֆարանը։

Գինու համաշխարհային մայրաքաղաք Բորդոյում (այս քաղաքում տարեկան արտադրվում է 800 մլն. շիշ գինի) երկու տարին մեկ կազմակերպվող գինեգործության տոնավաճառը համարվում է աշխարհում ամենահեղինակավորն այդ բնագավառում եւ նրան մասնակցելու համար թեկնածուները ստիպված են լինում տարիներով սպասել։ Այս առումով Հայաստանի մասնակցությունը բացառություն է կազմում, որի շուրջ անցյալ տոնավաճառի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվելՙ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության եւ VINEXPO-ի ղեկավարության միջեւ։

Հայաստանը տոնավաճառում ներկայացված է Երեւանի Կոնյակի գործարանի (Yerevan Brandy Company) եւ Վեդի-Ալկոյի արտադրատեսակներով, որոնք առաջին իսկ օրը հետաքրքրություն են առաջացրել մասնագետների եւ մատակարարողների շրջաններում։

Տոնավաճառում այս տարի ներկա են 50.000 մասնագետներ 140 երկրներից, բայց միայն 40 երկրի, այդ թվում Հայաստանին, հնարավորություն է տրված ներկայացնել սեփական արտադրանքը եւ, այդպիսով, մաս կազմել աշխարհի գինեգործների էլիտար ակումբի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4