ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ապրանքների գծիկավոր կոդերի նշագրման ամերիկյան UCC համակարգը միացել է եվրոպական համանման կազմակերպությանըՙ «EAN (European Article Numbering) International»-ին։ Արդյունքում ստեղծվելու է նորՙ «GS1», գլոբալ համակարգը։ Ինչպես հայտնեց EAN Armenian կազմակերպության նախագահ Պապ Ասլանյանը, 2004թ. հունվարից EAN միջազգային կազմակերպությունը անվանափոխվում է GS1 եւ համապատասխանաբար EAN Armenia-նՙ GS1 Armenia-ի։
Պ. Ասլանյանը հայտնեց նաեւ, որ EAN-ն մշակել է գլոբալ դասակարգիչ ինտերնետային էջի տեսքով, որտեղ ապրանք արտադրողները եւ մանրամեծածախ առեւտրականները կարող են իրենց առաջարկած ապրանքների մասին մանրամասն տեղեկատվություն տեղադրել։ Այդ էջից օգտվելու համար պետք է նախորոք բաժանորդագրվել եւ ստանալ համապատասխան մուտքային ծածկագիր (password), որից կարող են օգտվել առավելագույնը 4 օգտագործող (4 տարբեր համակարգիչ)։ Պ.Ասլանյանի խոսքերով, հայկական ձեռնարկությունների համար ծածկագիր ստանալու տարեկան բաժանորդավճարը կկազմի 100 դոլարին համարժեք գումար։
Նշվեց նաեւ, որ այս տարի EAN-ը եւ UCC-ը նախաձեռնել են էլեկտրոնային ապրանքային կոդի (Electronic Product Code-EPC) մշակումը, որը տեղադրվում է էլեկտրոնային չիպերի մեջ։ Ի տարբերություն ներկայումս գործող գծիկային կոդերի, էլեկտրոնային կոդերը կարող են կարդացվել մի քանի մետր հեռավորությունից, այն էլՙ միանգամից մի քանի չիպերի կոդեր։ Դա հնարավորություն է տալիս վերահսկել ապրանքային հոսքերը եւ այդ տվյալները հաղորդել ինտերնետով։ EPC կոդերն արդեն կիրառվում են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում բեռնարկղերի տեղափոխման ժամանակ, եւ սպասվում է, որ 2007թ.-ից սկսած կկիրառվեն լայն սպառման ապրանքների վրաՙ գծիկավոր կոդերի հետ զուգահեռ։
Ըստ Պ. Ասլանյանի, EPC-երը ներկայումս կիրառվող գծիկային կոդերի համեմատ ավելի թանկ են եւ նրանց կիրառումը Հայաստանում կախված կլինի երկրի տնտեսական զարգացման եւ միջազգային տնտեսական կառույցների ինտեգրման ընթացքից։ Ամեն դեպքում, այս համակարգում գործունեություն ծավալելու համար Հայաստանը պետք է ձեռք բերի էլեկտրոնային ապրանքային կոդերը կարդացող սկաներներ։