ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 25 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանում մահապատժի վերացման հարցը, եւ այդ կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակ է ընթերցվելՙ ժամկետների նշմամբ, թե ինչպես վերացնել մահապատիժը եւ ինչ ժամկետներում։ Վերջին ժամկետը նշվել է մինչեւ հունվարյան նստաշրջանը։
Այս կապակցությամբ պարոն Յաստերնյայի գլխավորած Հայաստանի պարտավորությունների կատարմանը հետեւող խումբը օգոստոսին արդեն կժամանի Հայաստան, տեսնելու, թե ինչ ընթացք կա։ Խումբը մեկ անգամ եւս Հայաստան կժամանի երկրի խորհրդարանի աշխատանքները սկսվելուց հետոՙ սեպտեմբերին։ Ինչպես տեղեկացրել Է հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խմբի անդամները հույս են հայտնել, որ աշնանային նստաշրջանի ժամանակ արդեն Հայաստանում կվերացվի մահապատիժը, եւ Ստրասբուրգի հունվարյան նստաշրջանում, երբ ընդհանուր քննարկման կենթարկվի ՀՀ պարտավորությունների կատարման ընթացքը, մահապատժի հարցը այլեւս քաղաքական օրակարգից դուրս եկած կլինի։