«Ազգի» թղթակիցը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանի խնդրանքով հանդիպեց նրա հետ։ Հանդիպման առիթը Թուրքիայի պատմագիտական ընկերակցության նախագահ, պրոֆեսոր Յուսուֆ Հալաջօղլու հունիսի 10-ին Անկարայից նրան ուղարկած նամակն էր։
Նամակը պարունակում է հետեւյալ բովանդակությունը. «Հարգելի դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյան, արխիվային փաստաթղթերի համաձայն, հայկական բանդաները Կարսի մարզի Դերեչիկ գյուղում 1918թ. սպանել են 360 մահմեդականի։ Արխիվների եւ գրականության մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1918 թ. ապրիլի 15¬16-ը 371 մահմեդականների, մեծ մասամբ կանանց եւ երեխաների, հավաքել են հարդանոցում եւ հրկիզել։ Նրանցից 360-ը ոչնչացվել է եւ միայն 11-ին է հաջողվել փրկվել։
Այդ միջադեպի վայրը վերածվել է զանգվածային գերեզմանոցի, ինչը հայտնի է դարձել արխիվային հետազոտությունների հետեւանքով։ Թուրքական պատմագիտական ընկերակցությունը 2003 թ. հունիսի 31-ից հուլիսի 1-ը սկսելու է այս զանգվածային գերեզմանոցի պեղումները։
Մենք ցանկանում ենք հրավիրել Ձեզՙ վկա գտնվելու այս զանգվածային գերեզմանը բացելու աշխատանքներին։ Այս առիթով մենք շնորհակալ կլինենք, եթե Դուք կարողանաք տեղյակ պահել մեզ Ձեր մասնակցության մտադրության մասին մինչեւ 2003 թ. հունիսի 20-ը։
Ձեր ապրուստի ծախսերը կհոգա Կարսի մեր ընկերակցությունը։
Անկեղծորեն Ձերՙ Յուսուֆ Հալաջօղլու»։
Հունիսի 20-ին Լավրենտի Բարսեղյանը պատասխան նամակով դիմել է Թուրքական պատմագիտական նախագահին հետեւյալ բովանդակությամբ. «Հարգելի պրոֆեսոր, ստացա Ձեր հրավերըՙ 2003 թ. հունիսի 30-ից հուլիսի 1-ը Կարսում լինելու մասին։
Ցավոք, չեմ կարող մասնակցել Ձեր եւ Կարսի նահանգի ղեկավարության կազմակերպած շոուին, որը կրկին վկայում է, որ Ձեր կառավարությունն ու թուրք պատմաբանները շարունակում են նենգափոխել պատմությունը եւ ճշմարտությունը։
Հավանաբար կազմակերպվող պեղումներին Դուք պետք է առաջին հերթին հրավիրեիք մասնագետ մարդաբանների, ովքեր կարող էին հավաստել, թե պեղումներից հանված նյութերը կարճագանգ կամ երկարագանգ ռասայի ներկայացուցիչներից որին են պատկանում։
Ես պատրաստվում եմ Ձեզ ավելի ընդարձակ բաց նամակ հղել, սակայն պարտքս եմ համարում թուրք պատմաբաններին հիշեցնել, որ 1918 թ. մարտի 12-ին թուրքական զորքերն Էրզրումը գրավելուց հետո Քյազիմ Կարաբեքիր փաշայի հրամանատարությամբ շարժվեցին դեպի Կարս։ Թուրքական բանակն ապրիլի 26-ին գրավեց Կարսը եւ շուրջ մեկ ամսվա ընթացքում, Էրզրումից մինչեւ Կարս հասնելը, ողջ ճանապարհին ոչնչացնում էր հայ բնակչությանը։ Զոհերի թիվը կազմեց մի քանի տասնյակ հազար հայ բնակիչ։ Ի դեպ, միայն 1918¬1920 թթ. ընթացքում, Արեւելյան Հայաստան կատարած թուրքական արշավանքների հետեւանքով, մի շարք բնակավայրերում թուրքերն իսպառ բնաջնջել են հայ բնակչությանը։
Այսօր էլ տարբեր բնակավայրերում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվում են զանգվածային թաղումների հետքեր, եւ եթե Դուք անձամբ ցանկություն ունեք ականատես լինելու խմբակային թաղումների գերեզմանների բացմանը, ապա ես սիրով հրավիրում եմ Ձեզ եւ ինձ վրա եմ վերցնում Հայաստանում գտնվելու հետ կապված ձեր բոլոր ծախսերը։
Խնդրում եմ սպասել իմ հաջորդ գրությանը։
Հարգանքներովՙ Լավրենտի Բարսեղյան»։
Թերթի թղթակցին Լ. Բարսեղյանը հայտնեց, որ Թուրքական պատմագիտական ընկերակցության վերոհիշյալ գրությունը ընկերակցության ղեկավարությունն ուղարկել է տարբեր երկրներում բնակվող այն հայ գիտնականներին, ովքեր զբաղվում են Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներով։
Լավրենտի Բարսեղյանը միաժամանակ իր զարմանքը հայտնեցՙ նկատի ունենալով այն փաստը, որ դեռեւս երկու տարի առաջ Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչությունը պաշտոնապես նրան մերժեց Թուրքիա մտնելՙ Անկարայի համալսարանում հրավիրված գիտաժողովին մասնակցելու համար։
Լ. Բարսեղյանի նկատմամբ թուրքական հեռուստատեսության եւ լրատվության միջոցների բազմաթիվ հարձակումները, ինչպես ենթադրում է պրն Բարսեղյանը, դժվար թե այս անգամ եւս նրան թույլատրեին անցնել թուրքական սահմանը։
Ընթերցողներին հավանաբար կհետաքրքրի այն փաստը, որ ընդամենը վերջերսՙ այս տարվա ապրիլի 23-ին, երբ թուրքական հեռուստատեսությունը թուրք հասարակայնության դատին ներկայացրեց թուրք-հայկական հարաբերություններին նվիրված բազմասերիանոց տեսաֆիլմի առաջին մասը, Լ. Բարսեղյանին, որի հարցազրույցը տեսագրել էին թուրք հեռուստալրագրողները, ներկայացրին որպես ժամանակի նշանավոր ահաբեկչի։ Սակայն նրանք չբավարարվեցին դրանով։ Նույն հեռուստաֆիլմի մեկ այլ մասում, աղավաղելով Լ. Բարսեղյանի հարցազրույցի բովանդակությունը, որտեղ հարց էր բարձրացվում Հայոց ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդի կրած նյութական վնասների փոխհատուցման պահանջների մասին, ֆիլմի թուրք մեկնաբանն էկրանից հայտարարեց, թե Լ. Բարսեղյանը թուրքական կողմին առաջարկում է վճարել 80 միլիարդ ամերիկյան դոլար կազմող գումարը եւ դրանով փակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր խոսակցությունները։ Լ. Բարսեղյանը ներկայումս ի մի է բերում 1918¬20 թթ. ընթացքում Հայաստանի առաջին հանրապետության տարածքում քեմալական արշավանքների հետեւանքով առանձին բնակավայրերում (Աշոցքի, Արթիկի, Սպիտակի, Գյումրու եւ այլ տարածաշրջաններում) հայ բնակչության նկատմամբ ձեռնարկված զանգվածային ոչնչացմանը վերաբերող նյութերը, որոնք կրկին հաստատում են այն իրողությունը, որ երիտթուրքերի իշխանության անկումից հետո էլ թուրք կառավարիչները ժառանգել են ու շարունակել զարգացնել պետականորեն ծրագրված Հայոց ցեղասպանությունը։