«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2003-06-24 | #119, 2003-06-25 | #120, 2003-06-26


ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԲԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ուղիղ 7 տարի է մեզ բաժանում մանր քանդակի մեծ վարպետ Բենիկ Պետրոսյանի մահվան օրվանից։ Սակայն նրա թողած ժառանգությունը դեռ շատ ու շատ սերունդների համար կդառնա ուղեցույց... Նա հաճախ էր կրկնում. «Ունենք միջնադարյան մանրանկարչություն, ինչու չունենանք նաեւ մանրաքանդակի դպրոց։ Անչափ կուզեի, որ Երեւանում բացվի մանրաքանդակի միջազգային կենտրոն, եւ թող ստեղծագործական ժառանգությունս հիմք ծառայի հետագայի համար»։ Վաղամեռիկ արվեստագետը չտեսավ իր երազածը, սակայն նրա արվեստով հիացած ու ոգեշնչվածներ եղան ու ձեռք մեկնեցին, աջակցեցին, եւ այսօր, Երեւանի կենտրոնում, Հանրապետության 38 հասցեում արդեն գործում է Բենիկ Պետրոսյանի թանգարանը։ Մայիսի 28-ին թանգարանի բացման կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանին որպես երախտագիտությունՙ թանգարանի հիմնադրմանն աջակցելու համար։

Բենիկ Պետրոսյանը ստեղծել է ժանրային, ոճական տարաբնույթ հորինվածքներ։ Նա առաջինն էր, որ անդրադարձավ նաեւ մանրաքանդակին, հայ կերպարվեստում դարձավ դրա հիմնադիրը եւ անգերազանցելի վարպետը։ Արվեստագետը, դիմելով փորձարարական բնույթի տարբեր հնարքների, հայտնագործեց նաեւ նյութի մշակման, ձուլման ու տեխնիկական այլ միջոցներ, որը վերաբերելով մանրաքանդակային արվեստի ստեղծագործական մտածողությանը, բացեց այդ ճյուղին բնորոշ արտահայտչական հնարավորությունների նոր սահմաններ։ Քանդակագործն օգտագործել է տարբեր նյութերՙ երկաթ, պողպատ, արծաթ, բրոնզ, տարբեր քարատեսակներ, լուծել դրանց համադրման խնդիրները։

Արվեստագետի անսպառ երեւակայության արդյունքում ստեղծվել են տարբեր թեմաներով եզակի քանդակներՙ սկսած դիցաբանությունից մինչեւ մեր օրերի քաղաքական առօրյան պատկերող, որոնք համահունչ են բոլոր ժամանակներին։

Բենիկ Պետրոսյանի արվեստով հիանալու հաճույքը մեզ արդեն ընձեռվել է շնորհիվ «Բենիկ Պետրոսյան հիմնադրամի» նախագահ Ալիս Ադամյանի, որն իր զավակների հետ, մեծ դժվարություններ ու զրկանքներ կրելուց հետո, վերջապես կարողացավ քանդակները մեկտեղել թանգարանի հարկի տակ։ Եվ ինչպես տկն Ադամյանն է ասում. «Բենիկի երազանքն ամեն գնով կիրականացնենք եւ հենց այս հարկի տակ արդեն նոր նախագծով կհիմնենք մանրաքանդակի միջազգային կենտրոն»։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4