Թենիսի Ուիմբլդոնյան մրցաշարի մեկնարկը հաջող էր հայ թենիսիստների համար, որոնք հաղթահարեցին առաջին արգելքը։ Սարգիս Սարգսյանը Բոգդանովիչի հետ անցկացրած բոլոր երեք խաղափուլերում էլ առավելության հասավ (6¬1, 6¬3, 6¬2)։ Ուիմբլդոնյան մրցաշարի անցյալ տարվա եզրափակիչի մասնակից Դավիթ Նալբանդյանի մրցակիցը բելառուսցի Վլադիմիր Վոլչկովն էր։ Վերջինիս համար առայժմ լավագույն ցուցանիշը 2000 թ. Ուիմբլդոնում կիսաեզրափակիչում հանդես գալն է։ Դավիթը եւս վստահ անցկացրեց ամբողջ հանդիպումը եւ հաղթեց բոլոր խաղափուլերում (7¬5, 6¬4, 6¬2)։ Ուիմբլդոնում հայերի հաղթարշավը շարունակեց նաեւ Շվեյցարիայում բնակվող Մարի-Գայանե Միքայելյանը։ Նա բավական համառ մրցախաղում պարտության մատնեց Իրվինին (7¬5, 2¬6, 8¬6)։ Հաղթանակով մեկնարկեց նաեւ Անդրե Աղասին։ Առաջին երկու խաղափուլերում նա Դելգադոյին հաղթեց 6¬4, 6¬0 հաշվով եւ թվում էր, թե մրցակիցն այլեւս ընդունակ չէ դիմադրելու։ Սակայն Դելգադոն 3-րդ խաղափուլում հասավ հաղթանակի (7¬5)։ Ճիշտ է, նրա ուրախությունը կարճ տեւեց. հաջորդ խաղափուլում Աղասին վերջնականապես շահեց մրցախաղը։
Իր երկրպագուներին տհաճ անակնկալ մատուցեց Եվգենի Կաֆելնիկովը։ Հոլանդացի Սլեյտերին զիջելով առաջին խաղափուլը (5¬7), ռուս թենիսիստը հեշտությամբ շահեց հաջորդ երկուսը (6¬3, 6¬2)։ Սակայն զգացնել տվեց Կաֆելնիկովի ֆիզիկական անբավարար պատրաստվածությունը։ Նա չէր հասցնում հետ մղել մրցակցի հուժկու հարվածները եւ հաջորդ երկու խաղափուլերում պարտվեց (2¬6, 3¬6)։ Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ Ռոխուսը, Սոլնեն, Ֆիլիպուսիսը, Դրեյպերը, Ստեպանեկը, Այնաուին, Սան, Կուչերան, Հենմանը, Սուզուկին, Գալվանին, Նովակը, Էսկյուդեն, Ֆեռերոն։
Կանանց մրցապայքարում առանց մեծ ճիգերի առաջին արգելքը հաջողությամբ հաղթահարեց Սերենա Ուիլյամսը։ Նա միեւնույն 6¬3 հաշվով 2 խաղափուլում հաղթեց Կրեյբասին։ Ջենիֆեր Կապրիատին էլ հեշտությամբ պարտության մատնեց Կազանովային (6¬1, 6¬3)։ Ելենա Դեմենտեւան ավելի ուժեղ գտնվեց Ռոյշի հետ մրցավեճում (6¬2, 6¬1)։ Հաղթանակի համար Ելենայից ընդամենը 47 րոպե պահանջվեց։ Ավելի դժվար էր մեկնարկը ռուսաստանցի մեկ այլ թենիսիստուհուՙ Ելենա Լիխովցեւայի համար, որն անցյալ տարի դարձավ առաջին ռուս թենիսիստուհին, որին հաջողվել էր 1997 թ. հետո հանդես գալ Ուիմբլդոնյան մրցաշարի քառորդ եզրափակիչում։ 27-ամյա մոսկվացի մարզուհուց ավելի քան 1,5 ժամ պահանջվեց ամերիկուհի Լինդսեյ Լի Ուոտերսի դիմադրությունը հաղթահարելու համար։
Ուիմբլդոնյան մրցաշարի նորեկ 17-ամյա Դինարա Սաֆինան չկարողացավ լրջորեն դիմադրել Մոլիկին (1¬6, 6¬4, 4¬6)։ Հաջորդ փուլում հանդես գալու իրավունք ստացան նաեւ Մորիգաման, Դոկիչը, Գալյարդին, Կալենսը, Միսկինան, Կրասնոռուցկայան, Լուան, Մարտինեսը, Էնենը, Դանիլիդուն, Շարապովան, Ռեյմոնդը, Բովինան, Շետն ու Պյերսը։