Մայրաքաղաքի իրականության մեջ կարծես սովորական երեւույթ է դարձել, որ օրեցօր, հետեւողական կերպով պակասում են կանաչ տարածքները։ Ըստ Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խմբի տվյալների, բնապահպանական նորմատիվների անհրաժեշտ 40 տոկոսի փոխարեն Երեւանի կանաչապատման ցուցանիշը 2,5 տոկոս է։ 2002 թ. քաղաքի ընդհանուր տարածքի 92 հազար 600 հեկտարից ծառաթփածածկույթը կազմել է 570 հա։ Մայրաքաղաքային իշխանություններն իրենք են փաստում տագնապալի այս իրողությունըՙ միեւնույն ժամանակ շարունակելով «պատերազմը» կանաչ տարածքների դեմ։ Այժմ էլ հերթը Պուշկինի 43 շենքի դիմաց գտնվող պտղատու այգուն է հասել։ 1990 թ. բնակիչներն աղբից մաքրել էին շենքին հարող տարածքը, սեւահող լցրել, տնկել շուրջ 60 պտղատու ծառ եւ ցանկապատել։ Տարիներ շարունակ մարդիկ խնամում են ծառերը, այգին թթվածնի աղբյուր է շրջակա շենքերի բնակիչների համար, ծիրանի, դեղձի, ընկույզի եւ այլ ծառերի պտուղներից էլ կարող են օգտվել ցանկացողները։ Սակայն մարդիկ տագնապով սպասում են, որ մոտ ապագայում 13 տարեկան այգին հատվելու է։ Անցյալ տարվա հոկտեմբերին սկսվեց գործընթացը, երբ այգու տարածքի մի մասը հատկացվեց անհատ ձեռներեցիՙ կառուցվեց ավտոմեքենաների լվացման կետ։ Այդ ժամանակ բնակիչները հարկ չհամարեցին բողոքել, քանի որ ծառերը չկտրվեցին, այլ տեղահանվեցին։ Տագնապի պատճառ է դարձել, որ բնակիչներն իմացել են, թե, կառավարության որոշման համաձայն, այգու մնացած տարածքը եւս հատկացվել է ինչ¬որ մեկին։ Դեռ պարզ չէ, թե ինչպես կտնօրինվի այգու տարածքը, սակայն պարզ է, որ սեփականատերը գումարը չի ծախսել, որ այգին պահպանի։
Բնակիչներն այգին պահպանելու փորձեր են անում։ Մի քանի տասնյակ բնակիչների ստորագրություններով նամակ է ուղարկվել մեր թերթի խմբագրություն, պատրաստվում են դիմել քաղաքապետարան, կառավարություն եւ այլ ատյաններՙ այգին կտրելու վտանգից փրկելու համար։
Այս այգուն էլ հասան։ Թեեւ դժվար է պատկերացնել, որ քաղաքի կենտրոնում գտնվող «յուղոտ պատառը» կանտեսվեր։ Հետաքրքրական է, որ դեռ մի բան էլ ուշացել են։ Ինչո՞ւ կանաչ տարածք թողնել, այն էլ Երեւանի կենտրոնում, եթե կարելի է շահավետ տնօրինել։ Քաղաքն, անշուշտ, արագ թափով զարգանում է, սակայն, չգիտես ինչու, անընդհատ երեւանցիներիս թթվածնի հաշվին...
Մ. Հ.