«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2003-06-24 | #119, 2003-06-25 | #120, 2003-06-26


«ԹՈՒՖԵՆԿՅԱՆԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Առաջին անգամ նյույորքաբնակ գործարար Ջեյմս Թուֆենկյանը Հայաստան եկավ 1993 թ. եւ իր գործունեությունը սկսեցՙ ունենալով ընդամենը 3 աշխատակից։ Ներկայումս «Թուֆենկյան-Հայաստան» ընկերությունն ունի շուրջ 1700 աշխատակից, որից 1200-ն ընդգրկված է գորգագործության մեջ։

Երեկ ընկերությունը մամուլի ասուլիս էր կազմակերպել Սեւանա լճի ափին, Ծափաթաղ գյուղում գտնվող նորակառույց «Ավան մարագ Ծափաթաղ» հյուրանոցում։ Մինչ այդ լրագրողներն այցելեցին «Թուֆենկյանի» Երեւանում գտնվող գորգագործության արտադրամաս։ Ընկերության գորգերի մասին բազմիցս է գրվել (այդ թվումՙ «Ազգի» էջերում)։ Դրանք հանրաճանաչ են ամբողջ աշխարհում։ Այդ ձեռագործ գորգերը զարդարում են բազմաթիվ աշխարհահռչակ անձանց, այդ թվում մի շարք հոլիվուդյան աստղերի (Սիլվեստեր Ստալոնե, Առնոլդ Շվարցենեգեր, Կիմ Բեսինջեր, Շեր) տները։ Արտադրվում են տարբեր չափի եւ ձեւավորման գորգեր, ըստ պատվիրատուի ճաշակի եւ տվյալ սենյակի կահավորանքի։ Հիմնականում դրանք արտահանվում են։ Ընկերությունը նպատակ ունի ամրապնդվել ներքին շուկայում։

«Թուֆենկյանի» գործունեության հաջորդ երկու ոլորտներն են շինարարությունն ու դիզայնը եւ հյուրանոցաշինությունը։ Մասնավորապես ընկերության հյուրանոցները նախագծած, կառուցված եւ կահավորված են հայկական ճարտարապետության ոճով։ Համարները կահավորված են հայ վարպետների պատրաստած կահույքով, ձեռագործ գորգերով, հայ նկարիչների աշխատանքներով։

Մինչեւ 2005 թ. նախատեսվում է 5 հյուրանոցային համալիրների շահագործում Հայաստանի տարբեր մարզերում։ Արդեն իսկ գործում են Երեւանի «Ավան վիլլա Երեւան» եւ «Ավան մարագ Ծափաթաղ» հյուրանոցները։ Վերջինս ունի 34 սենյակՙ 90 հյուր ընդունելու համար։ Համարների արժեքը տատանվում է 46¬120 դոլարի սահմաններում։ Որպես շինանյութ հյուրանոցի կառուցման համար օգտագործվել են գյուղի շրջակայքի կանաչ եւ դեղնավուն քարերը։ Սենյակների ներքին ձեւավորումը բնական բաղադրություն ունի։ Այստեղ ամեն ինչ պատրաստված է փայտից, քարից, երկաթից, իսկ Իջեւանի թերթաքարն օգտագործվել է լոգարանում, ինչի շնորհիվ լոգանքի ժամանակ խոնավացած քարի բուրմունքը ծովափում գտնվելու զգացողություն է թողնում։

Հյուրանոցի առավելությունը հենց վերը նշած յուրահատկության եւ ազգային ոճի մեջ է, այլապես բարձրակարգ եւ ընդունված ձեւերով կառուցված հյուրանոցներով այսօր ոչ ոքի չես զարմացնի։ Նման հյուրանոցային համալիրները հնարավորություն են ընձեռում հատկապես օտարերկրացի զբոսաշրջիկներին ծանոթանալու հայկական ճարտարապետությանը, ավանդույթներին, կենցաղին։ Բնականաբար, մարզերում նոր հյուրանոցների շարք մտնելը նաեւ նշանակում է լրացուցիչ աշխատատեղեր տվյալ բնակավայրերում, ենթակառուցվածքների զարգացում։

Ծափաթաղում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության ներկայացուցիչները նշեցին նաեւ, որ մինչեւ տարեվերջ կավարտվի Լոռու մարզի Ձորագետ գյուղի հյուրանոցը։ Ընտրված է Վայոց ձորի մարզում կառուցվելիք հյուրանոցի տեղը։ Այն կկառուցվի Արենի գյուղում։ Սյունիքի մարզում նախատեսված հյուրանոցի տեղը դեռեւս որոշված չէ։ Լրագրողները տեղեկացան նաեւ, որ մինչ այժմ ընկերությունը Հայաստանում շուրջ 8 մլն դոլար ներդրում է կատարել։ Նախատեսվում է, որ մինչեւ 2010 թ. ընկերությունը Հայաստանում կունենա մոտ 10 հազար աշխատակից։ Այս առումով ցանկալի համարվեց, որ Թուֆենկյանի օրինակին հետեւեն նաեւ մեր մյուս հայրենակիցները եւ ներդրումներ կատարեն Հայաստանում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4