«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2003-06-24 | #119, 2003-06-25 | #120, 2003-06-26


ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ԿԳՈՐԾԵՆ ԱՄԱՌՎԱ ԿԵՍԻՑ

Այս ամառ արցախցի 1100 երեխաներ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն հանրապետության տարածքում գործող 13 մանկապատանեկան առողջարարական ճամբարներում, որի նպատակով ԼՂՀ կառավարությունը տրամադրել է 13 մլն 990 հազար դրամ։

Ճամբարները կգործեն ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում։ Ըստ տիպերիՙ դրանցից 8-ը կգործի շուրջօրյա, իսկ 5-ըՙ ցերեկային։ Հիմնական ճամբարավայրերը կլինեն դպրոցները, իսկ ահա Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի մերձակայքում տեղաբաշխված «Վարդանանք» մարզաառողջարարական ճամբարին, որը գործում էր նախորդ տարիներին, այս տարի կփոխարինի նույն շրջանի Աշանի դպրոցական ճամբարըՙ դարձյալ շուրջօրյա տիպով։

ԼՂՀ ԿՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Շավարշ Սարգսյանի խոսքերով, ամեն ինչ կարվի արցախցի մանուկների հանգիստն արդյունավետ անցկացնելու համար։ Նրա տեղեկատվությամբՙ Աշանի ճամբարը միաժամանակ կծառայի նաեւ ԼՂՀ-ում գործող տարբեր երիտասարդական կազմակերպությունների շուրջ 75 անդամների ամառային հանգիստը կազմակերպելու համար։ Բացի այդ, արցախցի 15 շնորհալի երեխաներ կուղարկվեն ՀՀ Դիլիջանի «Բազե» ճամբարՙ այնտեղ իրենց հանգիստը վայելելու համար։ Ընդհանրապես, Շ. Սարգսյանի հավաստմամբ, ճամբարներում առաջին հերթին ընդգրկվել են զոհված ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ, բազմանդամ եւ սակավակարող ընտանիքների 7¬14 տարեկան երեխաները։

Այս տարվա ամռանը 1300 երեխաների համար Ստեփանակերտում եւ Շուշիում ճամբարներ կբացի նաեւ Հայ ավետարանչական ընկերակցությունը, որը կհոգա մանուկների ամառային հանգստի բոլոր ծախսերը։

Դպրոցական ճամբարները, մեր տվյալներով, կսկսեն գործել հուլիսի 15-ից։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4