Քսանմեկ այլ ամերիկացիների հետ Մասաչուսեթսից (ԱՄՆ) հանրապետականներ հայր եւ որդի Պիտեր Գութուջյանները մայիսի 21-ին ժամանեցին Երեւանՙ ԵԱՀԿ դիտորդական խմբի կազմում հետեւելու տեղի խորհրդարանական ընտրություններին, գրում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը։ Հայր Գութուջյանը մի հոլանդացու հետ է իրականացրել իր առաքելությունը, իսկ որդինՙ մի կանադացու։ Նրանք այցելել են 12-15 ընտրական տեղամասեր Արտաշատում, Էջմիածնում եւ այլուր, արձանագրել «բազմաթիվ խախտումներ»։ «Գործընթացը բավական լարված էր եւ երբեմն քաոսային։ Մեկ ժամվա ընթացքում, որ այնտեղ էինք, բազմաթիվ վիճահարույց պահեր տեղի ունեցան։ Մասնակցությունը ցածր էր։ Էջմիածնի մի տեղամասում օրվա վերջին միայն 580 հոգի էր մասնակցել ընտրություններինՙ ընտրողների քանակի մեկ երրորդից պակաս։ Կենտրոնական հանձնաժողովը ընտրություններից երեք ժամ առաջ հայտարարեց, թե ընտրողների մասնակցությունը 30 տոկոս է, իսկ ավելի ուշ ուռճացրած թվով ներկայացրեց, թե 51 տոկոս է եղել, ընդդիմադիր կողմին մղելով բողոքելու, թե արհեստական քվեներ են ավելացվել քվեատուփերում։ Նման դեպքերը նվազեցնում են ընտրողների հավատն արդար ընտրությունների նկատմամբ», ասել է նա թերթի թղթակցից Դաֆնի Աբիլին,, հույս հայտնելով, որ նոր սերունդը ի վիճակի կլինի փոխելու իրավիճակը դեպի լավը, «բայց դա կարող է 10-15 տարի տեւել», ավելացրել է նա։
Առաջին անգամ լինելով Հայաստանում, հայր եւ որդի Գութուջյանները տպավորվել են հյուրընկալությունից եւ հաստատ որոշել դարձյալ այցելել։ «Հակառակ դժվարություններին, Հայաստանը կարողանում է տոկալ», եզրակացրել է նա։