Լույս տեսավ Արմեն Այվազյանի նոր աշխատությունը
Օրերս Երեւանում լույս տեսավ Արմեն Այվազյանի «Հիմնատարրերՙ Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի» աշխատությունը։ Մատենադարանի ավագ գիտաշխատող, Հայաստանի ամերիկյան եւ Երեւանի պետական համալսարանների քաղաքագիտության ու պատմության դասախոս Արմեն Այվազյանը բազմաթիվ մենագրությունների հեղինակ է։ Դրանցից թերեւս կարելի է առանձնացնել «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ Հայաստանի ռազմավարական անվտանգությունը» եւ «Հայաստանի պատմության լուսաբանումն ամերիկյան պատմագրության մեջ» մենագրությունները, որոնք լույս են տեսել 1998-ին, նույնպես Երեւանում։
Աշխատություններից առաջինը, որտեղ հեղինակը միանգամայն իրավացիորեն ղարաբաղյան հիմնահարցին մոտենում է Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից, վրիպեց գիտական, առավել եւս քաղաքական շրջանակների պատշաճ ուշադրությունից։ Իսկ երկրորդըՙ բուռն հակազդեցություն առաջ բերեց ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում, թե հեղինակը հանդգնում է քննության ենթարկել մի շարք ամերիկահայ աշխարհահռչակ գիտնականների աշխատությունները։ Մինչդեռ այդ գիտնականներից ոմանք, որքան էլ աշխարհահռչակ լինեն, տուրք տալով ամերիկյան պատմագրության միտումներին, խեղաթյուրել էին հայ ժողովրդի ծագումնաբանությանը, մշակույթին, պատմությանն առնչվող կարեւորագույն խնդիրները, նույնիսկ չէին խորշել կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության հարցը։
Այլ կերպ, Այվազյանի «Հայաստանի պատմության լուսաբանումն ամերիկյան պատմագրության մեջ» աշխատությանը փոխանակ գիտական մոտեցում ցույց տալու, որպեսզի երեւան հանվեն դրա առավելություններն ու թերությունները, որոշ սփյուռքահայ ու հայաստանցի գիտնականներ սկսեցին քննադատել անձամբ հեղինակին։ Այսպիսով, աշխատության շուրջ գիտությանը միանգամայն անհարիր աղմուկ-աղաղակ բարձրացավ։
Ինչ վերաբերում է «Հիմնատարրերՙ Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի» մենագրությանը, ապա դա հրատարակվել է Աթենքում գործող «Հայաստան» մշակութային հասարակական կենտրոնի մեկենասությամբ։ Բաղկացած է 6 գլուխներից, ունի ներածություն, ինչպես նաեւ օգտագործված աղբյուրների եւ գրականության ցանկ։ Ծավալը 260 էջ է։
Օրաթերթի տարողությունը թույլ չի տալիս մանրամասն անդրադառնալ աշխատության բովանդակությանըՙ քննարկելով գլուխ առ գլուխ։ Պարզապես ասենք, որ դա, չհաշված մեկ-երկու թերթային հոդվածները, Հայաստանում եզակի է իր բնույթով։ Աշխատության մեջ օգտագործվել են հայկական եւ օտարերկրյա բազմաթիվ աղբյուրներ, հարուստ գրականություն։ Աշխատությունը քննում է Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգային գրեթե բոլոր խնդիրները, լուրջ վերլուծության է ենթարկում հայության համակարգային ճգնաժամի պատմաքաղաքակրթական եւ քաղաքական պատճառները, Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները, նոր աշխարհակարգի առանձնահատկությունները, Հայաստանի աշխարհաքաղաքական դրությունը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմավարական սկզբունքները, Թուրքիայի ռազմական նոր հայեցակարգը, Հայաստանի պաշտպանական ռազմավարությունը եւ ռազմական քաղաքականությունը, ինչպես նաեւ Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունները։
Հատկանշական է, որ հեղինակը Հայաստանի առջեւ ծառացած այս կարեւորագույն խնդիրներին մոտենում է ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունիցՙ ելակետ ընդունելով միջազգային իրադրության առանձնահատկությունները։ Նրան հաջողվել է բնույթով զուտ ռազմավարական եւ քաղաքական խնդիրները քննարկել գիտական դիրքերից եւ դրանք կուռ տրամաբանությամբ վերլուծելու ու ընդհանրացնելու կարողություններ դրսեւորել։ Այս ամենն առանձնակի նշանակություն է հաղորդում Արմեն Այվազյանի աշխատությանը։ Կարծում եմ, դա օգտակար կլինի ոչ միայն գիտական եւ քաղաքական շրջանակների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ուղղակի կամ անուղղակի առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ