Այսօր «Հանրապետական» մարզադաշտում ժամը 19-ին կսկսվի Ինտերտոտոյի գավաթի խաղարկության պատասխան հանդիպումն Աբովյանի «Կոտայքի» եւ Բռնոյի համանուն թիմի միջեւ։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Բռնոյում կայացած խաղում «Կոտայքը» մրցակցին զիջել էր 0¬1 հաշվով։ Խաղի 5-րդ րոպեին միակ գոլը խփել էր թիմի ռմբարկու Դոշեկը։ Անկասկած, այսօրվա խաղում «Կոտայքը» ձգտելու է ռեւանշի։ Հայ ֆուտբոլիստները հիանալի հնարավորություն ունեն հաղթելու չեխերին։ Հուսանք, որ «Կոտայքն» իր ագրեսիվ գործողություններով կկարողանա լուծել հաջորդ փուլի ուղեգրի հարցը։ «Բռնոն» Երեւան ժամանեց երեկ առավոտյան։ Չեխիայի ֆուտբոլային պատվիրակությունը տեղավորվել է «Եվրոպա» նորակառույց հյուրանոցում։ Երեկոյան «Բռնոն» իր առաջին մարզումն անցկացրեց «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ այսօր մրցավեճի կբռնվի «Կոտայքի» հետ։