ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կապիտալի շուկայում ի հայտ կգան նոր տիպի արժեթղթերՙ կորպորատիվ, մունիցիպալ եւ այլն։ Ինչպես տեղեկացանք «IBM բիզնես խորհրդատվական ծառայություններ» ընկերությունից, դրանք կստեղծվեն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստանի Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում։ Ներկայումս ընթանում է ծրագրի երկրորդ փուլը, որը նախատեսվում է ավարտել 2004թ-ին։ Առաջին փուլի ընթացքում ընկերության աջակցությամբ ստեղծվել են կապիտալի շուկայի հիմնական մասնակիցներըՙ Հայաստանի արժեթղթերի հանձնաժողովը, ֆոնդային բորսան եւ կենտրոնական դեպոզիտարիան։ Ծրագրի երկրորդ փուլի խնդիրներից է աշխուժացնել շուկանՙ ներգրավելով եւ ավելացնելով ֆինանսական հոսքերը։ Այս նպատակով ստեղծվել է «Ստանդարտ կապիտալ» ֆինանսական խորհրդատվական ընկերությունը, որը պետք է ներդնողներին եւ կազմակերպություններին օգնի դրամական այլընտրանքային միջոցների ձեռքբերման գործում։ Ոլորտի աշխատակիցների համար կկազմակերպվեն ուսուցանման դասընթացներ։
Նախատեսվում է նաեւ ստեղծել ինտերնետային էջ եւ հրատարակել գրքույկՙ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ։