«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2003-06-27 | #122, 2003-06-28 | #123, 2003-07-01


107 ՆՈՐԱԳԻՐ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

Ընդունելությունը Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության շարքեր շարունակվում է։ Այս իրողությունը ապացուցում է, որ կուսակցության ղեկավարների եւ նորագիրների համախմբումը գաղափարական հիմքի վրա է, եւ տասնյակ, հարյուրավոր մարդիկ կուսակցության շարքերն ընդունվելու ցանկություն են հայտնում։

Հունիսի 27-28-ին ՀՌԱԿ ատենադպիր Մեսրոպ Հարությունյանի եւ Հանրապետական վարչության անդամ Կարեն Կակոյանի այցելությունը Տավուշի մարզ նպատակ ուներ մարզի շրջանակի ակումբների ատենապետների հետ անցկացնել խորհրդակցություն։ Այցն առիթ էր նաեւ ՀՌԱԿ շարքերն ընդունելու բազմաթիվ տավուշցիների որոշմանն արձագանքելու համար։ Նոր ակումբներ ձեւավորվեցին Այգեձոր (12 նորագիր, «Այգեձոր» ակումբի ատենապետ դարձավ Մուրադ Գրիգորյանը), Բերքաբեր (26 նորագիր, «Բերքաբեր» ակումբի ատենապետն է Ռադիկ Հարությունյանը) գյուղերում։ Մարզի «Իջեւան», «Գետահովիտ» եւ «Այգեհովիտ» ակումբները համալրվեցին 69 նորագիրներով։ Զրույց ծավալվեց անցած խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ ՀՌԱԿ անելիքների վերաբերյալ։ Անդրադառնալով ՀՌԱԿ խորհրդարանական չդառնալու փաստին, Մեսրոպ Հարությունյանը նշեց, որ մեր երկրում, ցավոք, ընտրական արատավոր երեւույթները խոր արմատներ են գցել, եւ, պարզվում է, ընտրվելու համար կարեւոր չէ, թե ժողովուրդն ինչպես է քվեարկել, այլ կարեւոր է, թե ով եւ ինչպես է այդ ձայները հաշվել։ Այդուհանդերձ, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամը փաստում է. ավանդական կուսակցությունը հավատարիմ է իր գործելակերպին եւ եղած հնարավորությունների սահմաններում շարունակելու է աշխատել ի բարօրություն հայրենիքի եւ ժողովրդի։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4