«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2003-06-27 | #122, 2003-06-28 | #123, 2003-07-01


ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆՈՒ «ԱՐԵՎ» ՆԱԽԱԳԻԾԸ ԳՏԱՎ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐԻՆ

Իսկ աշխարհում եզակի անտենան դեռ սպասում է....

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայաստանն ունի եզակի մի բան, որ ողջ աշխարհը չունի։ Դա տիեզերքն ուսումնասիրող ռադիոակտիվ գերհզոր անտենան է, որը միջազգային գիտական աշխարհում բուռն հետաքրքրություն է առաջացրել, սակայն արդեն 10 տարուց ավելի անգործության է մատնված մեր պետության նախկին ու ներկայիս ղեկավարների բացահայտ անտարբերության պատճառով», Արագածի գիտական կենտրոնում կիրակի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակադեմիկոս Պարիս Հերունին։

Բարեբախտաբար, աշխարհում եզակի այս անտենան սարքին վիճակում է, առայժմ չի վնասվել։ Հարցի ցավոտ կողմն այն է, թե որքանով է արդարացված ու ներելի տարեկան 100 մլն դրամի պատճառով անվանի գիտնականի աշխատակազմին հայտնագործություններ անելու հնարավորությունից զրկելը։

Անտենան մինչ օրս ստեղծվածներից ամենաօպտիմալն ու ամենաճշգրիտն է, ունի սեփական շատ ցածր աղմուկներ, որն ուղղակի հեղափոխություն է այս ոլորտում։ Անտենայի միջոցով արձանագրվել են մի քանի խոշոր հայտնագործություններ. դրանցից մեկըՙ մեզանից 200 լուսատարի հեռու Էտտա կարմիր աստղի վրա հայտնաբերված բռնկումն է, երկրորդըՙ մեծ բռնկումից տիեզերքի ստեղծման հայտնի տեսությունը կասկածի տակ առնելը եւ այլն։ Մեր երկրի համար այսօրինակ հայտնագործությունների հեղինակը դառնալու միջազգային կարեւորության անտեսումը ինքնին վկայում է, որ գիտական մտքի հանդեպ վերջին տարիների պետական անփութությունը գերազանցել է բոլոր սահմանները։

Արեգակնային էլեկտրակայաններ կառուցելու «Արեւ» նախագիծը, որը միջազգային հեղինակավոր պատենտներ ունի, 1996 թվականից մնացել էր անկատարՙ դրանց տիրելու անգլիացիների անօրինական քայլերի պատճառով։ Թվում էր, թե կիսակառույց էլեկտրակայանը վերջնական տեսքի բերելու բոլոր հույսերը մեռած էին, քանի որ Հերունին այլեւս դեմ էր օտարազգիների հետ աշխատելուն։ Հուսո դռները բացվեցին այս տարվա գարնանը, երբ «Գրանդ հոլդինգի» տնօրեն Հրանտ Վարդանյանը պատրաստակամություն հայտնեց գործը տեղից շարժելու։ Հենց նրա հրավերով էլ լրագրողները բացառիկ հնարավորություն ունեցան Արագածի գիտական կենտրոնում մի քանի ժամ վայելելու Հերունու շնորհիվ տիեզերական աշխարհ տեղափոխվելու անսովոր բավականությունը։

Գիտության հանդեպ պրն Վարդանյանի հոգատար ու գնահատող վերաբերմունքի յուրօրինակ արտահայտություն էր, որ նա առավելապես խոսեց ոչ թե «Արեւ» նախագծի, այլ տիեզերքն ուսումնասիրող անտենայի մասին։ «Հերունու հետ շատ էինք զրուցել դրա մասին, ծանոթ էի գրեթե բոլոր հայտնագործություններին, բայց մի քանի օր առաջ եկա առաջին անգամ տեսնելու անտենան։ Անկեղծ ասածՙ այնքան ազդեցիկ էր տպավորությունը, որ երկու օր շարունակ մի տեսակ տեղ չէի գտնում այն մտքից, թե այս ինչ հարստություն ունենք եւ ինչպես ենք գնահատում», ասաց նա։

Հերունու ուղեկցությամբ նախ դիտեցինք կիսակառույց արեգակնային կայանը։ Բացատրելով, թե այս դարակեսին մարդկությանը սպառնացող էներգետիկ ճգնաժամի պայմաններում նմանատիպ կայաններ ունենալն ահռելի նշանակություն ունի, Հերունին շեշտեց խոշոր պետությունների առանձնակի ուշադրությունը դրանց նկատմամբ։ Խնդիրն այն է, որ 20 տարի առաջ աշխարհում լայն թափ առած դրանց կառուցումն այսօր կանգնել է փակուղու առջեւՙ կառուցման ավանդական ձեւերից չհրաժարվելու պատճառով. դրանց կառուցումը թանկ է, օգտակար գործողության գործակիցը ցածրՙ մոտ 3 տոկոս։ Հարցն այն է, որ կառուցման եղանակը նույնն է. բոլորը գիտեն, որ հազարավոր հայելիների շողքերը մի կետի վրա գցելիս տաքություն է առաջանում։

Մինչդեռ 90¬ական թվականներին Հերունու աշխատակազմի ստեղծած նախագիծն ունի մի քանի առավելություններ։ Նախ հազարավոր շարժվող հայելիների փոխարեն կառուցվում է միասնական անշարժ հայելի, ինչը թույլ է տալիս 20 անգամ էժանացնել գինը, բացի այդ, ոչ թե ջուրը, ինչպես մյուսների պարագայում, այլ օդն է տաքանում ջերմափոխանակիչի մեջ, որն ունի կրկնակի պատեր։ Դրանց արանքով էլ օդը մաղվում է, շիկանում եւ ուղիղ դուրս գալիս տուրբին, որը շարունակ պտտվում է։ Որպես տուրբին օգտագործվում են ավիացիայում մշակված գազատուրբինային շարժիչները։

Ինժեներական միտքը մշակել է դրանց փոքր չափերըՙ օգտակար գործողության բարձր գործակիցով, թեթեւ կշռով եւ այլն։ Քանի որ կառուցման սկզբունքները նոր են, հետեւաբար անհրաժեշտ էր ստեղծել նախնական փոքր տարբերակը, հետո միայն անցնել սերիական արտադրությանը։ Այս կայանի համար կծախսվի մոտ 1,5 մլն դոլար, որն, ըստ Հերունու, հզոր էներգետիկայի բնագավառի համար բավականին փոքր գումար է։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ գինը 20 անգամ էժան է, իսկ օգտակար գործողության գործակիցը 40 տոկոս է։ Կայանի կառուցումը մոտ 70 տոկոսով ավարտված է։ Սա գիտատեխնիկական այնպիսի մեծ նորություն է, որը մեծ բիզնեսի հնարավորություն կտա։ Մարկետինգը ցույց է տվել, որ արեւի նմանատիպ կայաններ ցանկանում են գնել գրեթե բոլոր երկրներըՙ Մ. Նահանգներից մինչեւ աֆրիկյան գյուղերը։ «Հենց որ կայանի առաջին լամպերը վառվեն, գործի կդրվեն մի շարք գործարաններ եւ հսկայական օգուտ կբերեն։ Կայանն ունի մոտ 350 կվտ հզորություն, 100 կվտ հզորության էներգիա եւ 250 կվտ տաք ջուր։ Մեր գիտական փորձը կավարտենք ոչ թե կառավարության, այլ հայտնի հայ գործարարի օգնությամբ։ Մեկ տարի հետո հանդիսավոր բացում կլինի մեր մեծ աշխատանքի եւ Հրանտ Վարդանյանի շնորհիվ»։

Կիսակառույց կայանի վրա արդեն նկատելի է Արագածում հաճախակի տեղացող կարկուտի պատճառած վնասը։ Դրսի կողմից կարկուտը հարվածել է անդրադարձող շերտին, հետեւաբար հիմա առաջին հերթին պետք է կառուցել երկաթյա պաշտպանական վարագույր։

Կայանից հետո Հերունին ցուցադրեց աշխարհում եզակի քարե արեգակնային օրացույցն ու ժամացույցը, որն ունի 3 սանդղակ։

Երկրորդ ուղղահայաց սանդղակի վրա հայոց բուն տոմարն էՙ սկիզբ առած մ. թ. ա. 2492 տարի առաջ, Հայկ նահապետի անունով։

Հերունու հետ զրույցը շարունակվեց գիտական կենտրոնի գլխավոր սրահում, ուր տեղակայված է ռադիոակտիվ անտենայի հեռակառավարող սարքը։ Այստեղ նա պատասխանեց իրեն ուղղված բոլոր հարցերինՙ տիեզերքի առաջացման գախտնիքներից մինչեւ եգիպտական բուրգեր եւ շոտլանդական Սթոուն էյնչ։ Եւ քանի որ վերջին տարիների նրա գիտական գործունեության մեջ առանձնակի տեղ են գրավում Քարահունջի աստղադիտարանն ու հայոց այբուբենի ուսումնասիրությունը, բնականաբար մեծ էր ներկաների հետաքրքրությունը նաեւ դրա նկատմամբ։ Միջազգային մեծ հեղինակություն ունեցող գիտնականի բոլոր պրպտումներն ամենայն մանրամասնությամբ կամփոփեն «Արմատներն հայոց» անգլերեն գրքում, որը հավանաբար լույս կտեսնի աշնանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4