«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2003-06-27 | #122, 2003-06-28 | #123, 2003-07-01


ՀՀ ԵՎ ԼՂՀ 700 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՙ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցած կիրակի անհայտ կորած ազատամարտիկների օրվա կապակցությամբ «ՀՀ անհայտ կորած ազատամարտիկների հայկական միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն այցելեցին Եռաբլուր հուշահամալիր, ուր ծաղկեպսակներ ու ծաղիկների դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին։

«Այսօր բանակն ապահովում է մեր ժողովրդի խաղաղ կյանքը, եւ այս հուշարձաններն ապացույցն են այդ փաստի, որ ցանկացած պահի մեր զինվորները պատրաստ են կանխելու բոլոր ոտնձգությունները մեր երկրի նկատմամբ։ Շատ կարեւոր է, որ գերության մեջ գտնվող զինվորները, որոնց մասին ոչ ոք չի մոռանում, վերադարձվեն հայրենիք։ Ներկայումս երկրի նախագահը, կառավարությունն անում են հնարավորինը, որպեսզի գերությունում գտնվողներին հետ վերադարձնեն հայրենիք», ասաց նախագահի խորհրդական, գեներալ- գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը։ Նա նաեւ հավաստիացրեց, որ ռազմագերիների որոնման աշխատանքները շարունակվում են, արվում է ամեն ինչՙ ադրբեջանցիների հետ փոխհամագործակցության եզրեր գտնելու համար։

Իր հերթին «ՀՀ անհայտ կորած ազատամարտիկների հայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմմա Առաքելյանը հույս հայտնեց, որ կառավարությունը կշարունակի զբաղվել անհայտ կորած զինվորների եւ ազատամարտիկների ճակատագրով, կազատագրի եւ կվերադարձնի հայրենիք։

Ըստ նրա, ներկայումս անհայտ կորած են համարվում Հայաստանի եւ Արցախի 700 քաղաքացիներ, որոնցից մոտ 200-ը զինվորներ են, մնացածըՙ խաղաղ բնակչություն։ Վերջիններիս թվում երկուսն ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ ենՙ եզդիներ։ Հայկական կողմը պատրաստ է համագործակցել այդ հարցին վերջնական լուծում տալու համար, սակայն, Ադրբեջանը հրաժարվում է համագործակցությունիցՙ չարձագանքելով ոչ մի առաջարկության։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4