Երկարատեւ ընդմիջումից ու ձգձգումներից հետո երեկ վերջապես վերսկսվեց «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը։ Մեղադրողներին հենց դատական նիստի սկզբից միացավ եւս մեկըՙ Կորյուն Փիլոյանը։ Այդ կապակցությամբ բացարկ չեղավ։
Ապա, ինչպես եւ խոստացել էր, դատարանին իր միջնորդությունները ներկայացրեց Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւը։
Ներկայացնելով առաջին միջնորդությունը, Յունոշեւն անդրադարձավ Վռամ Գալստյանի հիվանդության մասին տեղեկություններին։ Յունոշեւը կասկած հայտնեց, որ Գալստյանի հնարավոր հիվանդությունը կարող է դատավարությունը հետաձգելու հետ կապված լինել։ Ըստ փաստաբանի, կան ենթադրություններ, համաձայն որոնց Վռամ Գալստյանի նկատմամբ կիրառվել են թմրանյութեր եւ հոգեկանի վրա ազդող միջոցներ։ Եվ որպեսզի այդ կասկածները հաստատվեն կամ ժխտվեն, Յունոշեւի կարծիքով, պետք է հատուկ նիստ հրավիրել ճշտելու հետեւյալը։ Նախՙ արդյոք Վռամ Գալստյանն ի վիճակի՞ է մասնակցելու դատավարությանը։
Նշվածն առաջին միջնորդության առաջին կետն էր, որից հետո Յունոշեւը միջնորդեց մեկուսարանից ստանալու Գալստյանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում հրավիրել նրան բուժող բժիշկներին որպես վկաների։
Յունոշեւը նշեց, որ միջնորդության մեջ պետք էր ներառել նաեւ Գալստյանին տրվելիք հարցերը, բայց դա չէր արվելՙ չգիտենալով, թե դատական նիստին կլինի՞ արդյոք Վռամ Գալստյանը։
Միջնորդությունը դատավոր Սամվել Ուզունյանը չքննարկեցՙ բացատրելով Վռամ Գալստյանի պաշտպանի բացակայությամբ։ Պրն Ուզունյանն ընթերցեց դեռեւս տարվա սկզբին տրված մեզ արդեն հայտնի բժշկական տեղեկանքը, ապա եւս մեկ տեղեկանք, որ Գալստյանն ի վիճակի է մասնակցելու դատավարությանը։ Դատավորը հրապարակեց նաեւ հունիսի 16-ով թվագրված էպիկրիզն այն մասին, որ Գալստյանը գանգատվել է գլխացավերից, վատ տրամադրությունից, քնի եւ ախորժակի խանգարումներից, ճնշման տատանումներից, ունեցել է ուշաթափության դեպքեր։ Այս ամենի կապակցությամբ էլ իրականացվել է բուժում։
Վերադառնալով Վռամ Գալստյանին հարցեր տալու Յունոշեւի մտադրությանը, Հունանյանների քեռու պաշտպան Բագրատունու դատարան գալով այդպիսի հնարավորություն ընձեռվեց։ Ամբաստանյալ Գալստյանը հայտարարեց, որ ինքը չի բողոքել առողջությունից, եւ այն, ինչ ընթերցվեց դատարանում, սուտ է։ Դատավորի այն հարցին, թե արդյոք ի վիճակի՞ է մասնակցելու դատավարությանը, Հունանյանների քեռին պատասխանեց դրական։
Ինչ վերաբերում է բուժման նպատակով կատարված սրսկումներին, ապա, ըստ Վռամ Գալստյանի, դրանք ազդել են իր նյարդային համակարգի վրա։ Այնուհետեւ Գալստյանը ժխտեց, թե հրաժարվել է մասնակցել դատավարությանը։ Ուստի Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը միջնորդեց պահանջել Վռամ Գալստյանի դատավարությունը հետաձգելու պատճառ հանդիսացած հիվանդության մասին բոլոր փաստաթղթերը, քանի որ, ըստ պրն Սարգսյանի, դատավարությունը ձգձգվել է քաղաքական պատճառներով։ Միջնորդությունը բավարարվեց։
Յունոշեւի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր գլխավոր դատախազությունից այն նյութերը պահանջելուն, որոնք կապված են դատախազությունում «27»-ի դեպքերի տեսաժապավենի փորձաքննության արդյունքների հետ։ Դատավոր Ուզունյանը տեղեկացրեց, որ զինդատախազությունից ժամանակին պահանջվել է տեսաժապավենը։ Որպես պատասխան հայտնվել է, որ տեսաժապավենն արդարադատության նախարարությունում էՙ փորձաքննության նպատակով։ Ինչեւէ, միջնորդությունը բավարարվեց։ Այս կապակցությամբ Կորյուն Փիլոյանը հանդես եկավ հայտարարությամբՙ հորդորելով դատավարության մասնակիցներին հանդես չգալ կրկնվող միջնորդություններով եւ, հաշվի առնելով դատակոչի ցուցակի ծանրաբեռնվածությունը, չձգձգել դատավարությունը։
Դատարանը բավարարեց նաեւ Օլեգ Յունոշեւի հաջորդ միջնորդությունը, որը վերաբերում էր ինչ-որ հրազենային գնդակի փորձաքննության արդյունքներին։
Ապա Կարեն Հունանյանի շահերի պաշտպան Ավետիսյանը փորձեց դատարանից ճշտել Հունանյանի այն դիմումի պատասխանը, համաձայն որի Կարեն Հունանյանի «մտքերն ինչ-որ սարքավորումների միջոցով ամենուրեք լսվում են»։ Ամբաստանյալ Կարեն Հունանյանն էլ ի հավելումն հայտարարեց, թե քանի դեռ անջատված չեն այդ սարքերը, ինքը կաշկանդված է իր ցուցմունքներում։ Դատավորը հայտնեց, որ դիմումը կուղարկվի արդարադատության նախարարություն։
Շարունակելով ամիսներ առաջ ընդհատված նիստում վկա ոստիկան Ա. Թաշչյանի հարցաքննությունը, դատարանը սկսեց մեղադրողների հարցերից։ Ըստ Թաշչյանի, Ազգային ժողովում նա ծառայություն է իրականացրել 1996 թ.-ից, նույն ժամանակում ունենալով նաեւ զենք կրելու իրավունք։ Դեպքի օրը Թաշչյանը գտնվել է նիստերի դահլիճի Կարմիր նախասրահում, վերջին դռան մոտՙ մյուս դռանը հսկող Անդրանիկ Դարբինյանի հետ։ Եղել է առանց զենքի, քանի որ ծառայություն կատարելիս ընդհանրապես զենք չի կրել։ Ահաբեկիչների Կարմիր նախասրահում հայտնվելու ժամանակ Թաշչյանը գտնվել է ոչ թե դռան մոտ, այլ նախասրահից ներքեւՙ ծխելիս, լրագրավաճառ Սարգսի եւ գանձապահ Կարինեի հետ։ Կրակոցները լսելուց հետո վախեցել է եւ դեպի իրեն եկող գումարտակի հրամանատար Մանուչարյանի հետ իջել 101 սենյակ։
Ըստ Վռամ Գալստյանի ցուցմունքների, իրենք անցել են հենց այնտեղից, որտեղ, ըստ Թաշչյանի, վերջինս ծխելիս է եղել։ Սակայն Թաշչյանը դատարանում պնդեց, որ դեպի նախասրահ գնացող ոչ մեկի չի նկատել։
Ինչեւէ, դատական նիստի ընթացքում հարցաքննությունը չավարտվեց եւ կշարունակվի չորեքշաբթի օրը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ