«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2003-06-28 | #123, 2003-07-01 | #124, 2003-07-02


ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՍԴ-Ն ԲԱՎԱՐԱՐԵՑ

Թիվ 16-ում կանցկացվի նոր ընտրություն

Երեկ Սահմանադրական դատարանը շարունակեց խորհրդարանական ընտրությունների արդյունքներին առնչվող եւս մեկ հետաձգված դիմումի քննությունը։ Դիմումը ներկայացրել է թիվ 16 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցված Շավարշ Քոչարյանը։ Այս ընտրատարածքում, ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության, հաղթող է ճանաչվել Վլադիմիր Բադալյանը։ Նա ստացել է 4934 կողմ ձայն։ Շավարշ Քոչարյանի ձայները հավասար են եղել 3734-ի։ Այսինքնՙ տարբերությունը երկու թեկնածուների միջեւ կազմել է ուղիղ 1200։

Սահմանադրական դատարանում Շավարշ Քոչարյանի ներկայացուցիչն իր բացատրությունները սկսեց նրանից, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեաթերթիկներ բաժանելուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ավելի է մնացել մոտ 750 քվեաթերթիկ։ Հաշվի առնելով, որ թեկնածուների ձայների տարբերությունը կազմել է 1200 ձայն, նշված մոտ 750 քվեաթերթիկներն էական նշանակություն են ձեռք բերում։

Ըստ դիմումատուի ներկայացուցչի, թիվ 16 ընտրատարածքում տեղամասերից մեկի տեղամասային ընտրական հանձնաժողովի փոխնախագահը եղել է Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանը։ Սա ինքնին խախտում չէ, եթե հաշվի չառնենք, որ նույն Հակոբ Բեգլարյանը Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցրել է 115-րդ տեղը։

Հակոբ Բեգլարյանի առումով դատարանում նշվեց նաեւ, որ վերջինս միջամտել է իր տեղամասի շենքում գտնվող մեկ այլ տեղամասի աշխատանքներինՙ այդպիսով եւս խախտելով օրենսդրությունը։ Դատարանում հնչեցին նաեւ տեղեկություններ, որ կեղծվել են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների որոշ ստորագրություններն ամփոփիչ արձանագրություններում։ Թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն էլ այդ եւ այլ խախտումների մասին դիմում-բողոքների որոշ մասն անգամ չի ընդունել եւ չի քննարկել։

Թիվ 16 ընտրատարածքի զգալի տեղամասերում, ըստ դիմումատուի ներկայացուցչի, առկա են եղել բազմապիսի խախտումներ հենց ընտրացուցակներում։ Մասնավորապես պարզվում է, որ որոշ շենքերում, անգամ փողոցներում ընտրական իրավունք ունեցողների որոշ մասը ծնվել է հենց հունվարի 1-ին։ Ինչպես նաեւ բազմաթիվ անհամապատասխանություններ են հայտնաբերվել տեղամասային կենտրոնների պատերին փակցված ընտրացուցակների եւ աշխատանքայինների միջեւ։ Հետաքրքրական է, որ պատին փակցված ցուցակներում առկա ընտրողների որոշ անուններ հետագայում, չգիտես ինչպես, հանվել են արդեն ստորագրվելու համար նախատեսված ցուցակներից։

Եղել են նաեւ դեպքեր, երբ դատարանի վճռով տեղի է ունեցել քվեարկություն, բայց առանձին ցուցակ չի կազմվել։ Ինչպես նաեւ ընտրողները, հասնելով տեղամաս, բացահայտել են, որ ոչ միայն իրենց հասցեի դիմաց գրված են այլ անուններ, այլեւ դրանք եղել են արդեն քվեարկած։

Ընդհանրացնելով Շավարշ Քոչարյանի ներկայացուցիչը նշեց, որ միջին հաշվով տեղամասերի ընտրացուցակներում մոտ 19¬20 էջերից յուրաքանչյուրի վրա հայտնաբերվել են անունների գոնե 3 անհամապատասխանություններ, եւ եթե դրանք ընդհանուր բազմապատկենք նաեւ թիվ 16 ընտրատարածքի տեղամասերի թվով, ապա ստացվում է, որ մոտ 1400 ընտրողի փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն։

Դիմումատուի ներկայացուցիչները տեղի ունեցածում մեղադրեցին Կենտրոն համայնքի թաղապետին, Կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, նաեւ հաղթող թեկնածուին։

Որպես պատասխանող, Սահմանադրական դատարանում հանդես եկող թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, ըստ էության, չժխտեց դատարանում հնչած տեղեկությունները։ Ինչ վերաբերում է մոտ 750 քվեաթերթիկների ավելորդ լինելու հանգամանքին, ապա դրանք, ըստ ԿԸՀ-ի, պահվել են զինվորների քվեարկության համար, սակայն հետո մարվել են։ Ավելորդ քվեաթերթիկների մարված լինելու հանգամանքը հանձնաժողովի կողմից ըստ էության չապացուցվեց։ Ինչեւէ, դատարանը վճռեց, որ թիվ 16 ընտրատարածքում կանցկացվեն նոր ընտրություններ։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4