ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի
Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների երեք հայ դատավորներ (Չոբանյան, Երանոսյան, Մանուկյան), ովքեր զբաղեցրած պաշտոնից ազատվել էին որակավորում չանցնելու (կարդալՙ վրացերեն չիմանալու) պատճառաբանությամբ, հնարավորություն են ստացել հուլիսի 19-ին նոր քննություն հանձնել եւ վերականգնվել։
Նինոծմինդայի շրջանային վարչակազմի ղեկավար Ռաֆիկ Արզումանյանն «Ազգի» հետ զրույցում նշեց, որ երեք հայ դատավորները պայմանականորեն էին ազատվել անցնող ամիս։
«Մենք այստեղՙ Թբիլիսիում, հանդիպել ենք իշխանություններին եւ համոզել, որ հայ դատավորներին աշխատանքից ազատելն անիմաստ է։ Նինոծմինդայում հայերի թիվը կազմում է 98,5 տոկոս, Ախալքալաքումՙ մոտ 95 տոկոս։ Ուրեմն մեղադրյալ հայի հետ, որը վրացերեն բառ չգիտի, ինչպե՞ս պետք է վրացերեն խոսեն, թե՞ թարգմանչի օգնությամբ», ասաց Արզումանյանը։
Վրաստանի խորհրդարանը դեռեւս չի ընդունել օրենք, ըստ որի պետական պաշտոններ զբաղեցնող քաղաքացիները, անկախ ազգությունից, պետք է տիրապետեն վրացերենին։ Մյուս կողմից, մայր օրենքըՙ սահմանադրությունը, պարտադրում է պետական ծառայողներին իմանալ վրացերեն։
«Լեզու սովորելու համար ժամանակ է պետք։ Պետք է ոչ թե 5 տարի, այլ 20 տարի, պետք է սերունդ փոխվի։ Պահանջել, որ իմ սերունդը տիրապետի վրացերենինՙ անհնար է, անիմաստ, եւ նման հարցադրումը ճիշտ չէ», ասաց Արզումանյանը։
Թբիլիսիում լույս տեսնող «Վրաստան» հայատառ թերթի խմբագիր Ռուբեն Թորոսյանը նշեց, որ մի քանի տարի առաջ նախագահ Շեւարդնաձեն ներքին կարգով թույլ տվեց, որ Սամցխե-Ջավախքում պետական գործավարությունը տարվի հայերեն կամ ռուսերեն։
«Այդ ժամանակ վրացական ընդդիմությունը մեծ աղմուկ բարձրացրեց, դատապարտեց երկրի ղեկավարին, իբր նա ոտնահարում է օրենքը», ասաց Թորոսյանը։