ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան Կարեն Մկրտչյանի սպանության վերաբերյալ հայտարարություն են հրապարակել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ԵՊՀ ռեկտորատը եւ ռուսաց բանասիրության ֆակուլտետը։
«Հանցագործների բիրտ ձեռքով զոհվեց հիանալի մարդ, ասվում է հայտարարության մեջ։ Սիրված լինելով ուսանողների եւ դասախոսների կողմիցՙ մի քանի օր առաջ Կարեն Մկրտչյանը վերընտրվել էր դեկանի պաշտոնում։ Ռուսաց բանասիրության ֆակուլտետում, որ երկար տարիներ ղեկավարել էր նրա հայրըՙ ակադեմիկոս Լեւոն Մկրտչյանը, նա կարողացավ շարունակել արդեն արմատավորված ավանդույթները, երիտասարդության բարոյահոգեբանական դաստիարակությանն ու կրթությանն անմնացորդ ծառայելու գործը։ Կարեն Մկրտչյանը, լինելով մի շարք գրականագիտական հետազոտությունների հեղինակ, մեծ ավանդ է ներդրել բանասիրության մեջ»։
ԵՊՀ գիտխորհուրդն իր հայտարարության մեջ դիմում է հանրապետության նախագահին, կառավարությանը, Ազգային ժողովին, իրավապահ մարմիններինՙ հանցագործներին բացահայտելու եւ խստորեն պատժելու պահանջով։ «Չբացահայտված սպանությունները հանցագործ աշխարհում ծնում են անպատժելիության զգացում, ապակայունացնում են ցանկացած հասարակության եւ հղի են հանրապետության համար անկանխատեսելի, վտանգավոր հետեւանքներով»։
Մ. Հ.