Սպառած լինելով դիմումներ բավարարելու «լիմիտը»
Երեկ Սահմանադրական դատարանը շարունակեց «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակի 16 հոգու ներկայացրած դիմումի քննությունը։
Դիմումատու կողմը հանդես եկավ մի շարք միջնորդություններով։ Մասնավորապես, պահանջվեցին մի քանի ընտրատեղամասերի գրանցամատյաններ, թիվ 3 ընտրատարածքում մի քանի տեղամասերի տեղամասային ընտրական հանձնաժողովներիՙ վերջիններիս աշխատանքները բոյկոտած անդամների մասին տվյալներ։
Պահանջվեց նաեւ դատարան ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2 անդամների հատուկ կարծիքները, որոնք առկա են համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների նախնական տվյալների կապակցությամբ, ինչպես նաեւ նախընտրական հիմնադրամների եւ քարոզչության ժամանակ կատարված ծախսերի տվյալներ։
ԿԸՀ-ն ՍԴ-ում ներկայացնող արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը գրանցամատյաններ պահանջելու առումով առարկեց, պատճառաբանելով, որ դրանք ստանալու որեւէ դիմում ժամանակին չի ներկայացվել։ Պրն Մուկուչյանը նշեց, որ ԿԸՀ անդամների հատուկ կարծիքները հնարավոր է տրամադրել, ինչը հնարավոր չէ ասել նախընտրական ֆինանսների մասին, քանի որ դրանց վերաբերյալ տվյալները ԿԸՀ-ն չի հրապարակել։
Որպես իր առարկությունների ընդհանրացում էլ Տիգրան Մուկուչյանը միջնորդեց գործը կարճել, քանի որ դատարան ներկայացված դիմումի 16 հեղինակներից 9-ն արդեն պատգամավորներ են։ Մինչդեռ, համաձայն օրենսդրության, ՍԴ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոք կարող են ներկայացնել պատգամավորության թեկնածուները։
Ինչեւէ, ՍԴ-ն մերժեց Տիգրան Մուկուչյանի միջնորդությունըՙ բավարարելով նախորդ միջնորդությունները։ Նիստը կշարունակվի այսօր։
Ա. Հ.