Լատինատառ հայերեն նամակներ նախագահին....
Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսպես է գրում գյումրեցի երիտասարդ դիվանագետ Ավիկը, որը նամակագիրներից շատերի նման շնորհավորում է վերընտրվելու կապակցությամբ, բայց տարբերվում է նրանով, որ ցավակցում է նախագահին, որն ավելիին է արժանի, քան այսպիսի ավերված երկիր կառավարելը։ Մի զարմացեք։ Դրա փոխարեն հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինտերնետայինՙ president.am էջում կարդացեք, թե ինչ են նրան գրում արտասահմանից եւ Հայաստանից։ Միայն թե զինվեք համբերությամբ, որովհետեւ էջում տեղադրված 30 նամակներից միայն մեկն է գրված մեսրոպատառ հայերենով, այն էլՙ ի պատիվ նամակի հեղինակ Քաթարի հայկական համայնքի։
Առաջին հայացքից թվում է, թե նամակները կարելի է կարդալ 3 լեզուներովՙ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Բայց... հայերեն էջում չգիտես ինչու հայտնված ռուսերեն նամակները կամ վերածվել են փոքրիկ քառակուսիների, կամ էլ այսպիսի տեսք ունենՙ ԾվՏչՊգ ....
Դե արի ու գլուխ հանիր, թե ի՞նչ է գրված։ Այս իմաստով նույն էջում դրված անգլերեն եւ լատինատառ հայերեն նամակների բախտը բերել էՙ դրանք անփոփոխ են մնացել։ Հետո փորձեք նույն նամակները կարդալ անգլերենով։ Ռուսերեն գրված բոլոր նամակները միանգամից վերածվում են լատինատառ խզբզոցի, անգլերենն ու լատինատառ հայերենըՙ մնում են անփոփոխ։ Եվ վերջում փորձեք բոլոր նամակները կարդալ ռուսերենով։ Իհարկե, ռուսերեն իմացողների աչքերը միանգամից կփայլեն կարդալու հնարավորություն ստանալուց, բայց ... միմիայն ռուսերեն գրված նամակները, որովհետեւ անգլերեն ու լատինատառ հայերենը դարձյալ նույնն են ու նույնը։
Համակարգչային ծրագրերից քիչ թե շատ օգտվել իմացողները գուցե ասեն, ի՞նչ է պատահել, ի՜նչ եք պատմություն սարքել, ֆոնտերը փոխելովՙ հայերեն ու անգլերեն էջերում էլ ռուսերեն նամակները կարդացեք։
Բայց նյութը գրելու մեր նպատակը ոչ թե ռուսերեն նամակները կարդալու խնդիրը լուծելն է, որոնք անհասկանալի են սփյուռքահայ եւ օտարազգի շատ նամակագիրների, այլ հենց Հայաստանի Հանրապետության նախագահի ինտերնետային էջում մեր պետական լեզվին այսպիսի անտարբեր վերաբերմունքի հանդեպ ուշադրություն հրավիրելը։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ Քաթարի հայկական համայնքի նամակը հնարավոր եղավ մեսրոպատառ հայերենով զետեղել, իսկ մյուսներինըՙ ոչ։ Լատինատառ գրելու մեղքը թերեւս մի քիչ էլ նամակագիրներինն է։ Բայց դրանք խմբագրելու եւ հայատառ դարձնելու պատասխանատվությունը նախագահի ինտերնետային էջի պատասխանատուի գործն է։ Մեր միտքն ավելի հասկանալի դարձնելու համար ձեւակերպենք այսպես. պարզ տրամաբանությամբ հայերեն էջում բոլոր նամակները պետք է լինեն հայերեն, անգլերենումՙ անգլերեն, ռուսերենումՙ ռուսերեն։ Այլապես, անգլերեն չիմացող մեր հայրենակիցներն ինչպե՞ս իմանան, որ Հայաստանում արդեն երկու տարի աշխատող հնդիկ Սասիկումարին այնպես է սիրահարվել մեր երկրին ու ժողովրդին, որ նախագահից խնդրում է իրեն հայ դառնալու եւ այստեղ մշտապես բնակվելու թույլտվություն։ Ի դեպ, նախագահի ողջույնի խոսքը, կենսագրականն ու մնացած նյութերը կարելի է կարդալ վերոհիշյալ 3 լեզուներով։
Լավ կլինի, եթե մեզ համար կարեւոր դարձնենք նաեւ նամակագիրների շփումը, որոնցից շատերը նախագահից խնդրում են այնքան պարզ ու մարդկային մի բանՙ հուսախաբ չանել իրենց։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ