«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2003-07-02 | #125, 2003-07-03 | #126, 2003-07-04


«ԱՅՐՎՈՂ ԱՅԳԵՍՏԱՆՆԵՐԻ» ԾԽԱՑՈՂ ԾՈՒԽԸ

Գուրգեն Մահարու 100-ամյա հոբելյանական հանդիսություն

«1915 թ. ես Էջմիածին ընկա, հետո Դիլիջան, հետո Երեւան, քաղաքից քաղաք, փողոցից փողոց, մայթից մայթ, որբանոցից որբանոց, մահճակալից մահճակալ», գրում է Գուրգեն Մահարին «Ինքնակենսագրության» մեջ։ 1903 թ. Վանում ծնված Գուրգեն Մահարին 1915-ի մեծ ողբերգության պատճառով բռնում է գաղթի ճանապարհը։ Կյանքը դժվարորեն տրվեց Մահարուն, մանկության ողբերգական սկզբով. Վանում դաշնակցականների ձեռքով սպանվեց հայրը, գաղթի ճամփեքին մահացավ տատը, քույրը, ու 1915-ի ցեղասպանության մեծ ցավի շարունակությունը դաջվեց իր հետագա տարիներինՙ գաղթականի կորուստներով, որբի սերերով ու կարոտներով։

1923-ից ապրեց Երեւանումՙ բուռն արձագանքելով Չարենցի եւ իր համախոհների «Երեքի» դեկլարացիային։ Սակայն արեւմտահայ դասական պոեզիայի ակունքներից սերված նրա ստեղծագործ ոգու անհարիրությունը պրոլետարական ջղուտ պրկումներինՙ հեռացրին Մահարուն այդտեղից։ 1920¬1930 թթ. տպագրվեցին «Բարդիներ», «Վարսակներ», «Մրգահաս» բանաստեղծական ժողովածուներն ու «Մանկություն եւ պատանեկություն» վիպակը։ Սակայն գրական բեղուն արշալույսը մթագնեց խորհրդային «մգլահոտ մայրամուտով»։ Սկսվեց նոր գաղթըՙ խորհրդային դաժան աքսորըՙ փշալարային իրականության մղձավանջով։ Նախՙ 1936-ին, ապաՙ 1947-ի վերադարձից մեկ տարի անցՙ 1948-ին։ Վերջինը երկու սփոփիչ հանգամանք շռայլեց Մահարունՙ վիլնյուսցի նույնպես աքսորական Անտոնինայի (հետագայումՙ իր կինը) սերը եւ գրելու բաղձալի հնարավորությունը։

Իր կյանքի գողգոթան Մահարին ապրեց անասելի տոկունությամբ։ Գաղթականի ու սիբիրյան աքսորականի կտտանքները վավերագրվեցին իր գրականությամբ, որ ի հեճուկս ապրած այդ կյանքի, խորքում կենսական է, լուսավոր ու ապրեցնողՙ «Երիտասարդության սեմին», «Հնձաններ», «Լռության ձայնը», «Սեւ մարդը», «Այրվող այգեստաններ», «Ծաղկած փշալարեր»։

Գուրգեն Մահարու 100-ամյակի կառավարական հոբելյանական հանդիսությունը կայացավ երեկՙ Հայաստանի գրողների միությունում։ Իր բանաստեղծություններից մեկում Մահարին մարգարեանում է ժամանակների եւ իր երգերի օտարացման մասին։ Հոբելյանական հանդիսության բացման խոսքում ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նկատեց, որ օրվա միջոցառումն «այն իրողության վերահաստատումն է, որ ժամանակը բնավ չի խունացրել մահարիական տաղանդի հրացոլքը։ Ապրելով 66 տարի, Մահարին բարձրացավ ֆիզիկական ու բարոյական տառապանքի իր գողգոթան, իսկ նրա ազնվական ճակատըՙ արժանի դափնեպսակի, քանիցս տվայտվեց փշե պսակով»։

Գրողների միության նախագահը տեղեկացրեց, որ իրենք ձեռնունայն չեն եկել Մահարու 100-ամյակին։ Ամիսներ առաջ Փարիզում ֆրանսերենով հրատարակված «Ծաղկած փշալարերին» հաջորդել է օրերս ՀԳՄ հրատարակչության տպագրած գրողի այրուՙ Անտոնինա Մահարու «Իմ հուշագրությունը», որ նորովի ընթերցողին է վերադարձնում Մահարու ողբերգական կերպարը։ Իսկ մինչ տարեվերջ կհրատարակվի «Այրվող այգեստաններ» վեպի համահավաք տարբերակներով ու ծանոթագրություններով, ինչպես նաեւ Մահարու անտիպ բանաստեղծությունների հատորները։

Մահարու գրականության նկատմամբ հակասական մոտեցումների եւ ժամանակին թյուրըմբռնումների մասին էր հիմնականում ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանի խոսքը, որ Մահարու ստեղծագործությունների վիճելի կողմերը համարեց մեր պատմության թերությունը եւ ողբերգությունը. «Մահարին խորապես սիրում էր իր Վանը, խորապես սիրում էր Հայաստանը եւ այնպես տառապում էր այդ Հայաստանի համար, եւ այդ տառապանքն էր, որ նրան ստիպեց այդպիսի սուր, ծանր գնահատականներ տալ մեր քաղաքական այս կամ այն ուժերի հասցեին»։ Եվ առանց «Այրվող այգեստանների» մենք չենք կարող հասկանալ ոչ միայն մեր գրականության զարգացումը, այլ մեր նորագույն պատմության էջերը»։

Գ. Մահարու մասին հիշողություններ պատմեց ճարտարապետ, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը։ Տկարության պատճառով երեկոյին չմասնակցած Սիլվա Կապուտիկյանի գրավոր հուզիչ խոսքն ընթերցեց Սվետլանա Խանումյանը։

Ելույթներն ընդմիջող գեղարվեստական հայտագիրը բովանդակալից էր ու հարուստ։ Ելույթ ունեցան Անուշ եւ Ինգա Արշակյան քույրերը, միջազգային մրցույթի դափնեկիր Հասմիկ Լեյլոյանը, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը, ջութակահար Հասմիկ Ավդալյանը, երգչուհի Իվետա Շահինյանը, միջազգային բազմաթիվ մրցույթների մրցանակակիր Հասմիկ Հացագործյանը։ Մահարու ստեղծագործություններից հատվածներ կարդացին ասմունքողներ Ռուբեն Կարապետյանը, Ամիրան Գալստյանը, Մակիչ Մարգարյանը, Ժասմեն Գեւորգյանը։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4