«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2003-07-02 | #125, 2003-07-03 | #126, 2003-07-04


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԱՐԵՎԵԼՔԻ ԴԱՐՊԱՍԸ»

Լիբանանյան գրականություն

Մերձավոր Արեւելքի, մասնավորաբար լիբանանյան գրականությանը հայաստանցի ընթերցողները գրեթե անհաղորդ են։ Այս առումով «Գարուն» ամսագրի հատուկ թողարկումըՙ նվիրված XIX¬XX դդ. լիբանանյան արձակի եւ բանաստեղծության ընտրանուն, արաբական աշխարհի այս կարեւոր հատվածի գրական մշակութային իրականության մասին ընդհանուր պատկերացում տալու համար առանձնահատուկ կարեւորություն ունի։ Այն կնպաստի, անշուշտ, հայ-լիբանանյան հարաբերությունների ամրապնդմանն ու երկու ժողովուրդների մշակութային փոխըմբռնումներին։ «Արեւելքի դարպաս» համարվող Լիբանանի հյուրընկալ հողը տարբեր քաղաքակրթությունների մերձեցման վայր լինելով, հայտնի է մշակութային հարուստ ավանդույթներով։ Սերվելով ազգային արմատներից եւ արեւելյան փիլիսոփայական մտքի ակունքներից, XIX¬XX դդ. լիբանանյան գրականությունը զարգացել է նաեւ արեւմտյան քաղաքակրթության բարերար ազդեցություններով։

Գոհունակությամբ ընդունելով «Գարուն»-ի հրապարակման այս փաստըՙ ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության դեսպան Թոնի Բադաուին գրում է. «Լիբանանյան գրականության որոշ ուրվագծերի եւ առանձնահատկությունների այս ամփոփ անդրադարձն արտացոլում է այն աներկբա իրողությունն ու ճշմարտությունը, որ Լիբանանը, իր տարածքով փոքր, բայց արվեստի ու մշակույթի նվիրումի առումովՙ մեծ, արաբական այս երկիրը միեւնույն ժամանակ քաղաքակրթությունների, մշակույթների ու երկնային կրոնների միջեւ փոխներգործության ու փոխըմբռնման օրինակ է»։

«Գարուն» ամսագիրը XX դարի լիբանանյան գրականությունը ներկայացնում է արձակագիրների եւ բանաստեղծների մի քանի հայտնի անուններովՙ Խալիլ Ջիբրան, Միխայել Նուայմե, Ժորժ Շեհատե, Մարուն Աբբուդ, Մուհամմեդ Դաքրուբ, Ամին Ռիհանի, Ունսի Էլ Հաջ եւ ուրիշներ։ Ժամանակները բարենպաստ չէին մշակույթի զարգացման համար։ Հասարակական շարժումների եւ ստեղծագործական մտքի բռնադատման եւ օտար տիրապետության ճնշման պայմաններում շատ գրողներ անցյալ դարավերջին հեռացան երկրիցՙ տարագրության մեջ շարունակելով ստեղծագործական կենսագրությունը։ Այս առումով կարեւոր դեր ունեցավ «Գրչի ընկերություն» գրական միավորումը, որի անդամները համախմբվել էին գեղարվեստական որոշակի հայեցակարգի շուրջՙ գրականության հետագա զարգացումներն ապահովել ազգային ավանդույթների եւ եվրոպական, ռուսական գրականության չափանիշների զուգորդումներով։ Եվ իրավամբ, տարագրության մեջ ստեղծված գրական միավորումները լավագույն նախադրյալները ստեղծեցին XX դարասկզբի լիբանանյան արձակի եւ բանաստեղծության համար։

Լիբանանյան գրականության ամենաազդեցիկ անունըՙ նաեւ համաշխարհային ճանաչման արժանացած, գրող, փիլիսոփա, նկարիչ Խալիլ Ջիբրանն է, որ ստեղծագործել է ե՛ւ արաբերենով, ե՛ւ անգլերենով։ Գեղագիտական հայացքների ձեւավորման, իր գրական եւ գեղանկարչական տաղանդի զարգացումների համար մեծ նշանակություն են ունեցել ԱՄՆ-ում ապրած եւ գեղանկարչության ասպարեզում փարիզյան ուսումնառության տարիները։ Ջիբրանի «Ըմբոստ հոգիներ» գիրքը գրական այնպիսի խիզախում էր ընդդեմ սոցիալ-քաղաքական անարդարությունների եւ կրոնական դոգմատիզմի, որ հրապարակայնորեն այրվում, իսկ հեղինակը հայտնվում է աքսորավայրում։ Ջիբրանի անգլերենով գրված ստեղծագործություններից առավել հայտնի են «Խելագարը», «Մարգարեն», «Հիսուս, Որդի մարդու», «Երկրի աստվածներ», «Թափառականը»։

«Գարուն» հանդեսն ընթերցողին է ներկայացնում հատվածներ «Մարգարեն» ստեղծագործությունից։ Արեւելյան իմաստասիրական մտքի եւ կյանքի խոր ճանաչողության հիման վրա ստեղծված այս գործը գրողական ներքին տեսողականության եւ աշխարհաճանաչման հոգեւոր փորձի շնորհիվ առանձնահատուկ է լեզվական ճոխության հմայքով նաեւ։ Մարգարեն աշխարհի եւ մարդկանց հետ հոգեհաղորդակցումը սկսում է «ինքնադատումի փորձ մը» անելուց հետո, քննելով եւ պեղելով իր ներաշխարհըՙ «Պտղառատ ծառ մը պիտի ըլլա՞յ սիրտս, որ քաղելով պտուղները կարենամ բաժնել անոնց», ապա եւ. «Լռության խուզարկու մըն եմ սոսկ, եւ ինչ գանձ գտած եմ լռության մեջ, որ վստահությամբ կարենամ շնորհել ուրիշները»։ Այդ ուրիշների մեջ «ոգիի նման» շրջելուց հետո իր հեռացումից առաջ հնչում են հավերժի հետ ճշմարիտ խոսքեր երկրային կյանքի իրողություններիՙ սիրո, ամուսնության, զավակների, ուրախությունների եւ տխրությունների մասին. «...Երբ սերը նշան ընե ձեզի, հետեւեցեք անոր», «...Սիրեցեք զիրար եւ սակայն այդ սերը պարտավորություն մի դարձնեք», «...Անոնք ձեզմե չեն գար, այլ կուգան ձեր միջոցով, թեեւ անոնք (զավակները¬Մ. Բ.) ձեզի հետ են, եւ սակայն ձեզի չեն պատկանիր», «...Այն նույն ջրհորը ուրկե բղխե ձեր ծիծաղը, շատ անգամ արցունքներով լեցված է»։

«Անոր որոնումը արվեստն է ու գեղեցկությունը։ Անոր համար գեղեցիկ է նաեւ վիշտը, որովհետեւ կը խորացնե մտածումը ու կազնվացնե կյանքը։ Ու այդ մտածումով է որ ան կրցած է մահը եւ կյանքը իրարու հետ հաշտեցնել», Խալիլ Ջիբրանի մասին գրել է Համաստեղը։

Էրզրումից Դամասկոս գաղթած հայի ընտանիքում է ծնվել բանաստեղծ, հրապարակախոս, թատերական գործիչ Էդիպ Իսահակը։ Հանգամանքների բերումով անավարտ թողնելով կրթությունըՙ 17 տարեկանից մասնակից է դարձել լրագրային աշխատանքներինՙ ստանձնելով «Ալ Թաղադտոմ» («Առաջադիմություն») օրաթերթի պատասխանատու խմբագրի պաշտոնը։ «Հեղափոխությունը» գրության մեջ Էդիպ Իսահակը իբրեւ ազատության եւ արդարության որոնումների ճանապարհՙ մերժում է պայքարի արյունոտ ձեւը, որովհետեւ «Ասոնք կկռվին առանց համոզումի, արտաքին ուժ մը կշարժե զանոնք, մինչ իրենք չեն գիտեր, թե ինչ կպահանջեն, կամ դեպի ո՞ւր կերթան»։ «Ուխտեցի դադար չտալ գրիչիս մինչեւ որ հոգիներուն մեջ հեղափոխություն մը բռնկի»։

Միխայել Նուայմենՙ լիբանանյան արձակի լավագույն ներկայացուցիչը, հիմնավոր կրթություն է ստացել Նազարեթի ռուսական ուղղափառ եկեղեցու դպրեվանքում, ապա Ուկրաինայի Պոլտավա քաղաքի ժառանգավորաց վարժարանում, որից հետոՙ Վաշինգտոնի համալսարանում։ Ակտիվ մասնակցություն է բերել լիբանանյան գրական-մշակութային տարագիր կյանքինՙ հիմնելով «Ռաբիթա ալ Ղալամիե» գրական ընկերակցությունը, աշխատակցել «Ռաբիթա» թերթին։ Ռեալիստական նովելի հիմնադիրն է, ժամանակակից արաբական գրականության առաջին քննադատներից մեկը։ Արաբերենով, անգլերենով գրված իր գեղարվեստական ստեղծագործություններում, փիլիսոփայական, գրաքննական աշխատություններում Միխայել Նուայմեն արծարծում է հիմնականում բարոյականության խնդիրներ։ «Ծնունդի նվերը», «Ավելավաճառը», «Կորած գարունը», «Պտղաքաղ» արձակ էջերում անդրադառնում է կյանքի իմաստավորմանը, հարափոփոխ ժամանակներին, մարդկային անհագուրդ տենչերին, կույր պատերազմների ավերածություններից խաղաղության եւ գեղեցկության ձգտող մարդու հավերժ էությանը. «Թող ինծի ետ տան իմ ոտքը, իմ ձեռքը, իմ աչքը, իմ արժանապատվությունը։ Թող ինծի վերադարձնեն իմ կյանքի գեղեցկությունը եւ փոխարենը առնեն աշխարհի բոլոր հայրենիքները։ Որովհետեւ չկա հայրենիք, որ համազոր ըլլա վազող ու պարող ոտքին, բռնող ու աշխատող ձեռքին, տեսնող ու երազող աչքին»։

«Գրչի» ընկերության անդամ-գրողներն ակնհայտորեն տարբերվում են իրենց թե՛ լեզվամտածողության, թե՛ գեղարվեստական խոսքի կուլտուրայով, թե՛ աշխարհայացքային ըմբռնումներով։ Կյանքի եւ երեւույթների ավելի խոր ճանաչողության ձգտումը, նորի որոնումները Ամին Ռիհանիին մղում են պայքարելու պահպանողականության եւ ընդունված չափանիշների դեմ, որին օգնում է քննադատական առողջ ոգին։ Ազատախոհությունը, մտքի անկախությունը եւ փիլիսոփայական մոտեցումները գրողի առաջ բացում են կյանքի ու գրականության ներքին գաղտնիքները. «Ազատագրեցեք ձեր անձերը այն շղթաներեն, որոնք արգելք կհանդիսանան ձեր ստեղծագործության եւ նորարարության ու թույլ չեն տար, որ հավատաք զգացումներուն եւ մտքի ազատության»։

Ներկայացված գրական պատառիկներում շոշափվող բարոյական հարցերը շատ հաճախ ունեն կրոնական ուղղվածություն։ Աստվածաշնչյան հայտնի պատմությունները նկատելի երգիծանքով (մեզ համար անընդունելի) է ներկայացնում Ժորժ Շահատեն («Մոգերը», «Պանդոկի սենյակը», «Պարը»)ՙ ի հակադրություն որի Մարուն Աբբուդը ներքին սիրով եւ երկյուղածությամբ յուրօրինակ զրույց է ծավալում Տիրոջ հետՙ աստիճանաբար բարոյալքվող մարդու եւ աշխարհիկ ունայնությունների մասին («Նամակ առ երկինք»)։

Գրական այս խճանկարին ուրույն երանգ է հաղորդում Ունիս Էլ Հաջիՙ պատկերային մտածողությամբ հագեցած, ոճական ինքնատիպությամբ եւ լեզվական յուրօրինակ արտահայտչամիջոցներով հարուստ ստեղծագործությունները. «Կյանքը օձ է։ Աչքը սանդուղ, աչքը եղեգ է եւ շուկա մը սեւ։ Եվ իմ աչքս ձագար է, որմե հովը կցատկե եւ թիրախեն իր կշեղի։ Արդյոք հաչե՞մ. աղաղակը չունի սանձ։ Հենարան մը կա այնտեղ, եւ ես պիտի շարունակեմ դիմադրել։

Գուցե գա ժամանակը ընկերներուն, բայց սպասումը անձնասպան եղավ։ Ձիերն ահա կսուրան անօգուտ-անօգուտ, վախը անավարտ թվանշան է»։

Լիբանանյան գրականության այս ընտրանու հայերեն թարգմանությունները, կատարված արեւմտահայ մեր հայտնի մտավորականների (Միքայել Գյուրջյան, Սարգիս Վահագն, Եր. Կ. Գարաճյան, Համաստեղ, Հովհաննես Աղպաշյան, Գաբրիել Մոլոյան) կողմից, տրամադրել է Բեյրութի Հայկազյան համալսարանը։ «Գարուն»-ի այս հրապարակումներն արեւմտահայերենով ընթերցողին է ներկայացվում խառը ուղղագրությամբՙ մեսրոպյան եւ աբեղյանական (նախընտրելին նույն ուղղագրությամբ հրապարակումներն են)։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4