«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2003-07-02 | #125, 2003-07-03 | #126, 2003-07-04


ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երեկ ավարտվեց «Հայաստան-սփյուռք» առաջին համագումարը, որը մեկնարկել էր Երեւանում, «Արմենիա» հյուրանոցային համալիրի 7 սրահներում։ «Ազգի» ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք համագումարի առաջին օրվա մասին։ Իսկ երկրորդ օրվա պլենար նիստը բացվեց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի «Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունները եւ զարգացման հեռանկարները» ծավալուն ելույթով, որի ժամանակ պրն Օսկանյանը նշեց, որ «նման համագումարը պատմական նշանակություն ունի, որովհետեւ առաջինն է, որ աշխարհի չորս կողմից հայ բժիշկները հավաքվել են Հայաստանումՙ քննարկելու համընդհանուր խնդիրներ, որոնք կենաց-մահու խնդիրներ են, այսօրվա ՀՀ սոցիալական ոլորտին վերաբերող ամենակարեւոր հարցերն են։ Եվ պատմական է այն իմաստով, որ այս ոլորտում մենք փորձում ենք համատեղել ողջ հայ ժողովրդի ներուժը»։ Այնուհետեւ նախարարը բարձր գնահատեց աշխարհի եւ Հայաստանի բժիշկների վերջին տարիներին ցուցաբերած մասնագիտական ակտիվ մասնակցությունը եւ հենց դրանով էլ ապացուցել ուզեց, որ պատմական հավաք է բոլոր առումներով։

Նա մասնավորապես ասաց. «Չնայած այս հավաքը բավականին մասնագիտական է, ընդհանուր առմամբ տեղավորվում է «Հայաստան-սփյուռք» հարաբերությունների ամբողջ տրամաբանության մեջ, որը սկիզբ առավ վերջին 5 տարվա ընթացքումՙ 2 համահայկական հավաքները, որոնցով էլ հիմքեր ենք դրել «Հայաստան-սփյուռք» հարաբերությունների համար, եւ այն գնալով էլ ավելի մեծ թափ է ստանում։ Հայաստան պետությունը պետք է ստեղծի բոլոր հնարավոր միջոցները եւ մեխանիզմներըՙ սփյուռքին առավել ներգրավելու Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կյանքում։ Մյուս կողմից էլ սփյուռքը պետք է ստեղծի իր մեխանիզմները, առավել կենտրոնացված կառույցները, որով կկարողանա հաղորդակցվել Հայաստան պետության եւ հայ ժողովրդի հետ։ Մենք մեր շեշտադրումը պիտի դնենք մասնագիտացված հավաքների վրա։ Այստեղ է հիմնական պոտենցիալը, եւ մենք պիտի կարողանանք լավագույնս օգտագործել այն, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային բժշկական կենտրոն»։

Համաժողովի փակման օրըՙ երեկ, ամփոփվեցին արդյունքները, 13 սեկցիաներում կայացած մոտ 250 զեկույցները ու պայմանավորվեցին 2 տարի հետո հերթական համագումարը գումարել դրսում, իսկ 4 տարի հետոՙ կրկին Հայաստանում։ Համագումարի ավարտից հետո բժիշկներն այցելեցին Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, ծանոթացան կենտրոնի աշխատանքներին։ Ինչպես տեղեկացրին կենտրոնի ղեկավարներ Ռիտա Պալյանն ու Հրանուշ Հակոբյանը, կիրակի օրը կենտրոնն իր մասնաճյուղը կբացի Գավառում։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4