Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտին է մոտենում շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի հերթական առաջնությունը։ Մրցավեճի են դուրս եկել 10 ուժեղագույն շախմատիստուհիներ, բացառությամբ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի, որն անհատական ծրագրով նախապատրաստվում է շախմատի աշխարհի առաջնությանը եւ շախմատային ակադեմիայի սաների հետ ուսումնամարզական հավաքի է մեկնել Ջերմուկ։
Մրցաշարում գերազանց է հանդես գալիս ամենաբարձր անհատական վարկանիշ ունեցող միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Առաջնության նախավերջին տուրում ոչ-ոքի ավարտելով պարտիան Մարինե Գասպարյանի հետ, Էլինա Դանիելյանը 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ անհասանելի դարձավ մրցակցուհիների համար։ Էլինան երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնուհու կոչումը։ Նա այդ պատվին արժանանում է 5-րդ անգամ։ Էլինան ողջ մրցաշարն անցկացրեց առանց պարտության։ 2-րդ, 3-րդ հորիզոնականները բաժանում են միջազգային վարպետ Նելլի Աղինյանն ու Սիրանուշ Անդրեասյանը։ Աղինյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Հլղաթյանի հետ, իսկ Անդրեասյանը հաղթեց Նոնա Սահակյանին։ Հլղաթյանը, Ապրեսյանն ու Նարինե Գասպարյանը վաստակել են 4-ական միավոր։
Մրցանակային մյուս տեղերի հավակնորդները հայտնի կդառնան ավարտական տուրում։ Ուշադրության կենտրոնում կլինեն Աղինյան-Դանիելյան, Անդրեասյան¬ Ն. Գասպարյան պարտիաները։ Մրցակարգի համաձայն, առաջին հնգյակում տեղ զբաղեցրած շախմատիստուհիները կարժանանան դրամական պարգեւների։ Չեմպիոնուհին կստանա 300 հազար դրամ, 2-րդ տեղ գրավողըՙ 200, 3-րդըՙ 100, 4-րդըՙ 60, 5-րդըՙ 40։