Հուլիսի 2-ին տեղի ունեցավ ԿԲ խորհրդի ավանդական հանդիպումն առեւտրային բանկերի ղեկավարների հետ։ Հանդիպման ժամանակ ամփոփվեց 2003 թ. առաջին կիսամյակը։
Նշվեց, որ կիսամյակն ավարտվել է բարձր տնտեսական աճով. գրանցվել է 13.3% իրական տնտեսական աճՙ ծրագրված 8.6%-ի պարագայում։ Նման բարձր աճը հիմնականում պայմանավորվել է շինարարության եւ արդյունաբերության ճյուղերում աճի արագ տեմպերովՙ համապատասխանաբար 43.3% եւ 21%։
Սղաճը եւս գերազանցել է կիսամյակի համար ակնկալվող ցուցանիշըՙ 3.3%-ի դիմաց կազմելով 6.8%։ Մեծ շեղումը ծրագրված ցուցանիշից բացատրվում է նրանով, որ ծրագրի հիմքում դրվել են 1998-2001 թթ. դրսեւորված սեզոնայնության միտումները, բացառելով 2002 թ. գյուղատնտեսությունում դիտված սեզոնայնության խորացման եւ վեգետացիոն շրջանի ուշացմանՙ բնականոն ընթացքից շեղվածությունը։ Մինչդեռ այս տարի եւս կրկնվեցին նախորդ տարվա միտումները, ինչի հետեւանքով հունվար-մայիսին արձանագրված 5.4% սղաճը լիովին համընկավ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշի հետՙ 5.2%։ Շեղումն ավելի խորացավ հունիսին, երբ նշված գործոններին ավելացավ եւս մեկըՙ սպառողական զամբյուղում մեծ տեսակարար կշիռ կազմող ալյուրի եւ դրանից պատրաստված ապրանքատեսակների գների 11.5%-ով բարձրացումը, որի հետեւանքով ամսվա սղաճը կազմել է 1.4%։ Այդուհանդերձ, ըստ ԿԲ գնահատումների, հիմնականում կկրկնվի նաեւ նախորդ տարվա երրորդ եռամսյակի դեֆլյացիոն սցենարը, ինչի արդյունքում սղաճի տարեկան ցուցանիշը չի գերազանցի ծրագրված մակարդակըՙ մինչեւ 3%։
Հարկաբյուջետային քաղաքականությունը կիսամյակի ընթացքում իրականացվել է հիմնականում ծրագրված սցենարի շրջանակներում եւ էական շեղումներ չեն արձանագրվել։
Ստեղծված մակրոմիջավայրում ԿԲ իրականացրած դրամավարկային քաղաքականությունը եւս էականորեն չի շեղվել ծրագրից. միջին հաշվարկով փոքր-ինչ բարձր է եղել փողի բազայի աճըՙ 6.7%ՙ ծրագրված 5.6%-ի պարագայում, ինչը հիմնականում բացատրվում է բարձր տնտեսական աճով։
Առաջին կիսամյակի ընթացքում բանկային համակարգը մշտապես տնօրինել է իրացվելիության ավելցուկի բավականին բարձր մակարդակ (միջին ամսական 3.5 մլրդ դրամՙ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1.7 մլրդ դրամի դիմաց), որի հետեւանքով տարեսկզբից ֆինանսական շուկայում դիտվել են տոկոսադրույքների նվազման միտումներ։
Հաշվի առնելով տարվա առաջին կեսին ձեւավորված մակրոտնտեսական վերոնշյալ միջավայրը, գրանցված բարձր տնտեսական աճի լագային ազդեցությունն ու մինչեւ տարեվերջ աճի բարձր տեմպերի պահպանումը, արտաքին ֆինանսական ներհոսքի կենտրոնացումը տարվա երկրորդ կեսինՙ ԿԲ-ն կանխատեսել է փողի պահանջարկի աճի ավելի մեծ տեմպեր, քան տարեկան ծրագրով հայտարարվել է երկրորդ կիսամյակի համար։ Նշված նկատառումներից ելնելովՙ երրորդ եռամսյակում, ժամանակաշրջանի վերջի դրությամբ, դրամային զանգվածը կավելանա 12.8%-ով (ըստ հունիսի նախնական տվյալների), այն դեպքում, երբ սկզբնական ծրագրով այն պետք է աճեր ընդամենը 6.3%։ Համապատասխանաբար ճշգրտվել է նաեւ փողի բազայի եռամսյակի վերջի ցուցանիշը, ըստ որի եռամսյակային աճը կկազմի 8.7%ՙ նախկին ծրագրի 3.6% աճի փոխարեն։
Եռամսյակի ընթացքում փողի բազայի աճի ուղղությամբ սպասվող ավտոնոմ հոսքերը կազմելու են մոտ 19.0 մլրդ դրամ (հիմնականում «Լինսի» հիմնադրամի եւ Պարենային ապահովության ծրագրի դրամաշնորհները), որը 3.6 մլրդ դրամով չեզոքացվելու է արտաքին պարտքի սպասարկմամբ։ Քանի որ եռամսյակի ընթացքում փողի բազան պետք է ավելանա 10.4 մլրդ դրամով, ԿԲ-ն նախատեսում է մոտ 5.0 մլրդ դրամ ավելցուկային իրացվելիության ստերիլիզացում։ Վերջինիս նպատակով ծրագրվում է մասամբ ԿԲ ներքաշող գործիքների կիրառում, եւ իրացվելիության որոշակի ծավալի ներքաշում ՀՀ կառավարության հետ կոորդինացված գործողությունների միջոցով, ինչը ենթադրում է ՊՊ թողարկման ծավալների ավելացում եւ դրանց տեղաբաշխումից ստացված մուտքերի խնայում ԿԲ-ում։
ՀՀ ԿԲ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ