«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2003-07-02 | #125, 2003-07-03 | #126, 2003-07-04


ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐ

Մայիսի սկզբին Նարինե Հովհաննիսյանը նստել է թիվ 13 երթուղային տաքսի, ուր գլուխ-գլխի նստոտել էին եւս 15¬16 ուղեւոր։ Կիեւյան կամրջի վրա, մի կերպ խուսափելով տրամվայի հետ բախվելուց, վարորդ Ռ. Գրիգորյանը կտրուկ շրջադարձ է անում, որի պատճառով մեքենայի դուռը բացվում է, եւ 40-ամյա կինը դուրս է շպրտվումՙ մարմնական ծանր վնասվածք ստանալով։ Պատահարի մասին վարորդն իրավապահներին տեղյակ չի պահում։ Մի քանի օր անց ուշքի գալով, Ն. Հովհաննիսյանն առողջությունը վերականգնելու եւ բարոյական վնասի փոխհատուցման հայցով դիմում է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանՙ պահանջելով 2 մլն դրամ։ Քանի որ տուժողը համարձակվել էր մեր իրականության համար չլսված, չտեսնված նախաձեռնություն ցուցաբերել, փաստը սվիններով դիմավորեցին։ Ցանկացած նորմալ երկրում սա սովորական իրողություն է, բայց ոչ մեզ համար։ Առ այսօր դատարանը որեւէ վճիռ չի կայացրել կատարվածի վերաբերյալ։

Այս օրինակն ընդամենը մեկն է տասնյակներից, որ ամեն օր տարբեր արտահայտություններով տեղի են ունենում երթուղային փոխադրամիջոցներում, իբրեւ հասարակ, շարքային փոխադրվողի իրավունքների շրջանցման ամենասովորական արտահայտություն։ Երթուղային գծատերերը ուղեւորափոխադրումների մենատեր են դարձելՙ ավտոբուսներն ու տրոլեյբուսները մղելով երրորդ, չորրորդ կարգ։ Քանի որ տնօրինողն էլ իրենք են, իրենք էլ թելադրում են միկրոմիջավայրի «բաղադրությունն» ու օրենքները։ Գերբեռնված սրահներն այնքան սովորական պատկեր են դարձել աչք ու մտքի համար, որ մեր ենթագիտակցությունն էլ հաշտվել է դրանց հետ։ Թերեւս վերը նկարագրվածի նման մաշկիդ պիտի վնասի երթուղային իրականությունը, որ հիշես, թեՙ ախր շա՜տ ենք հարմարվում, մեր օրն ու տրամադրությունը թունավորող փաստերին։ Ինչպես այս դեպքում, երբ խմբագրություն էր եկել թիվ 13-ում կատարված պատահարի վկա ու ականատես ուղեւորը։ Նրա վրդովմունքն ուղղված էր հատկապես պետավտոտեսուչներին, ովքեր կոչված են հասարակական կարգի պահպանությանը, բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրում կատարվող ու կատարվելիք, արձանագրվող ու արձանագրվելիք խախտումների համար։

Պարբերաբար երթուղայիններին կանգնեցնող տեսուչներին հետաքրքրում է ընդամենը հերթական մեքենայից «իր փայը» պոկելու «արարողության» իրականացումը։ Քանի որ յուրօրինակ գործարքի մեջ են օրենքի պահապանների հետ, միկրոավտոբուսների վարորդներն այնքան էլ իրենց նեղություն չեն տալիսՙ պահպանելու երթեւեկի կանոնները։ Ոլորտի ներկայացուցիչներից մեկի հավաստմամբ (նա չուզեց հրապարակել անունը), ճանապարհատրանսպորտային պատահարների ու վթարների վերաբերյալ վիճակագրությունը կատարվածի ընդամենը 5¬10 տոկոսն է ներկայացնում։

Ապահովագրական որեւէ մեխանիզմ նույնպես չի գործում տրանսպորտային կառույցներում։ Մինչդեռ այս փոխադրամիջոցը բավական թանկ է, եւ շարքային երեւանցու համար օրվա մեջ երթուղայինից մի քանի անգամ օգտվելը հաճախ մատչելի չէ։ Որեւէ վթարի կամ պատահարի դեպքում տուժածին փոխհատուցելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ապահովագրական ֆոնդի գումարները կարող են լուծել նաեւ անսարք մեքենաների նորոգումների խնդիրը։ Վարորդի գծուծության կամ գերխնայողության, կամ գուցե միջոցներ չունենալու պատճառով օրական քանի՞ միկրոավտոբուս է անսարք ելնում երթուղիՙ ոչ ոք չի հաշվել, ոչ ոք չգիտի, քանի որ ոչ ոք չի էլ վերահսկում իրավիճակը։ Եվ խնդրին անտեղյակ քանի ուղեւորի կյանք է ամեն օր սպառնալիքի ենթակա։ Հետաքրքրական է, միայն շահույթ ստանալու սեւեռմամբ տառապող երթուղային գծի պատգամավոր եւ ոչ պատգամավոր տերերը ե՞րբ են հասնելու նման ֆոնդերի ստեղծման անհրաժեշտության գիտակցմանը։ Կամ եթե իրենք չեն գիտակցում այդ «բարդ» ճշմարտությունը, ինչո՞ւ պետականորեն հարկադրանք չի դրվում դրա իրականացման վրա։

Ավանդական հայ կնոջ ու աղջկա մասին հիշողությունները փոշեցրվում են, երբ միկրոավտոբուսում նրանց տեսնում ես տղամարդկանց ու տղեկներին սեղմված, ամենաանհարմար կեցվածքներով ու դիրքով, Հովբի համբերությամբ իրենց կանգառին սպասելիս։ Իսկ սրահի մթնոլորտն իր բաղադրությամբ գերազանցում է ամենավատ կանխատեսումներն անգամ։ Էժանագին օծանելիքի բուրմունքին խառնված թանձր քրտնահոտ ու հենց երեսիդ գարշահոտ փչող շնչառություն։

Գծի տերերը չգիտե՞ն, թե ինչ պայմաններում է առաջանում, ուռճանում իրենց եկամուտը։ Գերշահույթ ստանալու մյուս բաղադրիչն առանց լիցենզիաների, հարկային դաշտից դուրս անվրդով «մանեւրող» ձախ երթուղայիններն են։ Ո՛չ հարկայինի, ոչ պետավտոտեսուչի աչքը չի «տեսնում», ձեռքը չի «հասնում» նրանց, բոլորին էլ ձախ եկամտից բաժին հասնում է։

«Ազգի» խմբագրություն դիմած զայրացած ուղեւորը երթուղային բարքերին հլու հպատակությունն առաջարկում է փոխարինել նրանց աշխատանքը մի քանի օրով բոյկոտելով։ Արդյոք դա կհանգի՞ իրավիճակային փոփոխությունների։ Իցիվ թե... առավել եւս ընտրաքաղաքականության մեջ հյուծված ու հոգնած մարդիկ ամենեւին հակված չեն նման միջոցառումների։ Իսկ թե քո շահերը ինքդ մտադիր չես պաշտպանել, առավել եւս որեւէ մեկից անիմաստ է ակնկալել նման սրտացավություն։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4