ԲԱՔՈՒ, 3 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել նույնիսկ հայ սեպարատիստների հետ, սակայն այդ դեպքում Հայաստանը պետք է մի կողմ քաշվի»։ Այս մասին հինգշաբթի ATV հեռուստաընկերության հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը։ Ըստ նրա, Հայաստանը եւ Ղարաբաղի անջատականները չեն ընդունում ոչ մի փոխզիջումային առաջարկություն, ձգտելով ամեն գնով հասնել կամ օկուպացված Լեռնային Ղարաբաղի միավորմանը Հայաստանի հետ, կամ այնտեղ հայկական «խաղալիքային» պետության ստեղծմանը։ Սակայն, ընդգծել է Գուլիեւը, Ադրբեջանը նրանց չի ընձեռի այդպիսի հնարավորություն եւ, առայժմ առաջնությունը տալով հակամարտության խաղաղ լուծմանը, միեւնույն ժամանակ չի բացառում գրավյալ հողերի ազատագրումը ռազմական գործողությունների միջոցով։