Հայաստանի նախագահի Թբիլիսի պաշտոնական այցելության երկրորդ օրըՙ հունիսի 28-ին տեղի ունեցած տհաճ միջադեպը լայն արձագանք գտավ վրացական լրատվամիջոցներում։
Ինչպես տեղեկացրել էր «Ազգը», այդ օրը տարբեր պատճառաբանությամբ Թբիլիսիի քաղաքային ոստիկանության բաժանմունք են տարվել եւ այնտեղ մի քանի ժամ պահվել «Սայաթ-Նովա» հասարակական կազմակերպության ղեկավար Սեյրան Գաբրիելյանը եւ «Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի» նախագահ Միխայիլ Թաթեւոսովը։
Երբ Ռոբերտ Քոչարյանը Էդուարդ Շեւարդնաձեի կառավարական «Կրծանիս» նստավայրում հանդիպում էր Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Թբիլիսիում «չեզոքացվեցին» Գաբրիելյանը եւ Թաթեւոսովը։
Վրացական ընդդիմադիր ազդեցիկ «Ալիա» թերթում Գաբրիելյանը եւ Թաթեւոսովը նշում են, որ «սադրանքը» կազմակերպել են Թբիլիսիում ՀՀ դեսպան Գեորգի Խոսրոեւը, «Վրաստանի հայերի միության» նախագահ Հենրիխ Մուրադյանը եւ խորհրդարանի պատգամավոր, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը։
Գաբրիելյանը եւ Թաթեւոսովն ինչպես «Ալիայում», այնպես էլ «Ազգի» հետ զրույցում դեսպան Խոսրոեւի եւ Մուրադյանի հասցեին հնչեցրին մեղադրանքներ, իբր նրանք յուրացրել են Խոջիվանքի պանթեոնի վերականգնման համար տրամադրված գումարների մի մասը։
Հաշվի առնելով լրագրողական էթիկայի կանոնները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ «Ալիա» թերթի վերջին մի քանի համարներում Խոսրոեւի եւ Մուրադյանի հասցեին հնչած մեղադրանքների հավաստիությունը կասկածելու տեղիք է տալիս, մենք խուսափում ենք դրանք թարգմանաբար ներկայացնելուց։
«Գաբրիելյանը եւ Թաթեւոսովը մաքուր սադրիչներ են։ Այն ամենը, ինչ գրվում է «Ալիա», «Նոյեւ կովչեգ» թերթերում, բացարձակ սուտ է։ Ուրեմն ես շատ հզոր մարդ եմ, որ Զուրաբ Ժվանիայի հետ լինելով ընդդիմություն, կարողանում եմ վրացական ՆԳՆ-ին պարտադրել, որ իմ ասելով մարդիկ տարվեն ոստիկանության բաժանմունք», ասաց Մուրադյանը։
Վրաստանի նախագահի գրասենյակի մի անանուն աղբյուրից «Ազգը» տեղեկացավ, որ Գաբրիելյանին եւ Թաթեւոսովին «չեզոքացրել» են վրացական իշխանությունների պատվերով, որպեսզի ստվեր չգցվի Քոչարյանի պաշտոնական այցի վրա։
«Այդ սադրիչները մի ժամանակ հայհոյում էին Շեւարդնաձեին, այսօր սոցիալիստների առաջնորդ Վ. Ռչեուլիշվիլու հետ անցել են նախագահի ճամբար։ Գիտենք, թե հայության հասցեին Ռչեուլիշվիլին ինչ ստոր արտահայտություններ է անում», ասաց Մուրադյանը։
Միխայիլ Թաթեւոսովը հրավիրվել է Շեւարդնաձեի գրասենյակ, որտեղ նրան բացատրել են, թե իրեն եւ Գաբրիելյանին ոստիկանության բաժանմունք են տարել ու պահել, որպեսզի այն ժամանակ, երբ Քոչարյանն ու Շեւարդնաձեն բարձրանում էին պանթեոն, տհաճ միջադեպեր չլինեն։
«Ես խիստ կասկածում եմ, որ նման փաստ է տեղի ունեցել։ Եվ եթե եղել է, ապա իրավապահ մարմինները Գաբրիելյանին եւ Թաթեւոսովին իրադարձությունից հեռու պահելու հիմնավորում ունեցել են։ Երեւի հաշվի առնելով անցյալ տարի պանթեոնի բացման ժամանակ տեղի ունեցած դեպքը, ուղղակի փորձել են կանխել տհաճ միջադեպը», ասաց պատգամավոր Վան Բայբուրթյանը։
Անցյալ տարի, երբ պանթեոնի բացման ժամանակ Խոջիվանք էր բարձրացել Շեւարդնաձեն, Գաբրիելյանը եւ Թաթեւոսովը «նետվել» էին դեպի Վրաստանի նախագահը եւ փորձել թռուցիկներ բաժանել, ասաց Բայբուրթյանը, նկատելով, որ համապատասխան ծառայությունները պարտավոր են ապահովել նախագահների անվտանգությունը։
«Ես ամաչում եմ, երբ վրացական ընդդիմադիր ազդեցիկ թերթերում Հայաստանի անունն են խայտառակում», ասաց Բայբուրթյանը։
Նախագահ Քոչարյանը, ինչպես տեղեկացրել ենք, այցի ընթացքում հանդիպեց վիրահայության ներկայացուցիչների հետ, ընդ որումՙ հայերի ցուցակը կազմվել էր նախագահ Շեւարդնաձեի աշխատակազմում, ապա ներկայացվել Թբիլիսիում ՀՀ դեսպանությանը։
«Նախկինում, երբ Թբիլիսի էր ժամանում Հայաստանի նախագահը, համայնքից էին ճշտում այն հայերի կազմը, ովքեր պետք է հանդիպեին նախագահին։ Այս անգամ Շեւարդնաձեի գրասենյակը որոշեց. այդ ցուցակում չկային շատ ակտիվ հայեր, ովքեր նվիրված են համայնքին», ասաց Մուրադյանը։
«Այսօր հայության այն մասն է հավաքված, որոնց հետ դեսպանատունն ամենօրյա կառուցողական աշխատանքի մեջ է», հայերի հետ հանդիպման ընթացքում ասաց Քոչարյանը։
«Նախագահ Քոչարյանի հետ հանդիպմանը հայ համայնքը ներկայացված էր ամբողջ կազմովՙ հայկական վեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թատրոնից, համալսարանի հայկական բաժնից, թերթից, ռադիոյից, հայ գրողների կազմակերպությունից, հայեր Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ախալցխայից, Մառնեուլից, Ծալկայից, Ասպինձայից, Բաթումից։ Ցուցակ կազմողը պատահական մարդ չէր վիրահայության համարՙ Վրաստանի նախագահի տարածաշրջանային քաղաքականության ծառայության պետի տեղակալ Ալեքսանդր Մովսիսյանը, Վրաստանի հավատացյալ հայերից մեկը, ով շատ լավ է ճանաչում համայնքը», ասաց Բայբուրթյանը։
Չնայած Քոչարյանի այցի ընթացքում տեղ գտած տհաճ միջադեպին, ընդհանուր առմամբ տեղի հայությունը գոհ էր այցի արդյունքներից։ Հայաստանի նախագահը խոստացավ Թբիլիսիի հայկական թատրոնի վերանորոգման համար եւս 60 հազար դոլար տրամադրել, օժանդակել Ջավախքում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանը, Վրաստանում գործող ավելի քան 150 հայկական դպրոցներին անվճար ապահովել դասագրքերով եւ այլն։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի