«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2003-07-02 | #125, 2003-07-03 | #126, 2003-07-04


ԿԱՍԿԱԾՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄՆԵՐ ՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրապետության դատախազությունն ու ոստիկանությունն իրարանցման մեջ են, ձգտում են ամեն գնով բացահայտել գեթ վերջին սպանությունների մեղավորներին, ինչ-որ չափով մեղմել հասարակության մեջ տիրող անվստահության եւ անպաշտպանվածության մթնոլորտը, որի գլխավոր արտահայտիչը եղավ հանրապետության նախագահը մի քանի օր առաջ ՀՀ դատախազության 85-ամյակի հանդիսությանն արտասանած ճառում։ Եվ լավ է, որ գոնե այդ ելույթից հետո դատախազությունն ու ոստիկանությունը սկսել են գործել օպերատիվ կերպով, ինչպես ցույց է տալիս ստորեւ տպագրվող հաղորդագրությունը։ Սակայն նրանց, ինչպես նաեւ անվտանգության մյուս ծառայությունների ղեկավարներին պետք է հայտնի լինի, որ միայն ՀՀ նախագահի կշտամբանքից հետո պարտականություններում աշխուժանալը երկսայրի է նույնինքն նախագահի համար. դա կարող է տպավորություն թողնել, որ այս երկրում ոճրագործները կարող են բացահայտվել, հետախուզվել ու ձերբակալվել միայն հանրապետության նախագահի հրամանով։ Այնինչ վերոհիշյալ մարմինների առօրյա, տեւական պարտականությունն է դա եւ իրենք առաջին հերթին հաշվետու են հանրապետության ազգաբնակչությանը, որն իրենցից պահանջում է ոչ միայն հանցագործությունների բացահայտում, այլեւ, առաջին հերթին, կանխարգելում։ Այլապես ընդվզման ալիքը չի՛ մեղմանա։

Ինչպես հաղորդվել էր, 2003 թ. հունիսի 25-ին, ժամը 12-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղում անհայտ անձինք ապօրինաբար ձեռք բերված եւ պահվող ինքնաձիգներով կրակահերթ են արձակել «ԳԱԶ¬3129» մակնիշի 65 ԼՕ 285 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով սպանվել են մեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանը եւ ուղեւորներՙ ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանը, Արկադի Գեւորգյանը։ Ուղեւորներից Արտյոմ Գեւորգյանն ստացել է ծանր մարմնական վնասվածք։

Օպերատիվ-քննչական գործողությունների շնորհիվ հիմնավորվել է, որ հանցագործությանը մասնակցել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 1977 թ. ծնված Կամսար Վոլոդյայի Հակոբյանը («Կայծ» մականունով), Երեւան քաղաքի բնակիչներՙ 1965 թ. ծնված Արթուր Սուրենի Սարգսյանը («Ֆառ» մականունով) եւ 1975 թ. ծնված Համլետ Ռաֆիկի Մկրտչյանը։

Վերոհիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք եւ հայտարարվել հետախուզում։

Բոլոր նրանց, ովքեր տեղեկություններ ունեն նշված անձանց գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել Երեւան քաղաքի դատախազություն կամ զանգահարել 56¬12¬32 հեռախոսահամարով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։ Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, Դավիթաշեն թաղամասի 10-րդ փողոցում անհայտ անձինք ավտոմատ հրազենից կրակահերթեր են արձակել նույն թաղամասի բնակիչ Վիկտոր Մանուկյանին պատկանող 06 ՕԼ 006 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն կրակողի կամքից անկախ պատճառներով տուժողներ չեն եղել։

Նախաքննությամբ պարզվել է, որ կրակահերթերն արձակվել են «ՎԱԶ 21099» մակնիշի 02 ԼՕ 002 պետհամարանիշի ավտոմեքենայից, որի մեջ եղել են Արթուր Գեւորգյանը, Խաչատուր Կարապետյանը, Վաչագան Մանուկյանը եւ Դավիթ Մկրտչյանը։ Պարզվել է, որ կրակել է Դավիթ Մկրտչյանը։

Հուլիսի 2-ին Վաչագան Մանուկյանը եւ Դավիթ Մկրտչյանը սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են։ Միջոցներ են ձեռնարկվում Խաչատուր Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ գլխավոր դատախազութթյուն, ՀՀ ոստիկանություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4