Մեծ աղմուկ եւ հասարակության դժգոհությունը առաջացրած Առնո Բաբաջանյանի արձանը համալրեց մայրաքաղաքի հուշարձանների շարքը։ Այս իրողությունը երեկ հաստատվեց պաշտոնապես։ Արձանի բացման պատիվը նորանշանակ քաղաքապետին էր վերապահված։ Քաղաքապետ Երվանդ Զախարյանն առաջին հրապարակային ելույթն ունեցավ։ Նա ձեռնպահ մնաց արձանի վերաբերյալ որեւէ կարծիք արտահայտելուց կամ գնահատական տալուց եւ խոսեց մեծանուն կոմպոզիտորի տաղանդի մասին։
Մյուս ելույթ ունեցողները չխուսափեցին արձանի շուրջ բարձրացած աղմուկից։ Հավանաբար առաջնորդվելով «ամենալավ պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով, նրանք ամեն կերպ փորձում էին ապացուցել, որ Դավիթ Բեջանյանն ու Լեւոն Իգիթյանն արվեստի բարձրարժեք գործ են ստեղծել, իսկ նրանք, ովքեր իրենց հետ համամիտ չեն, պարզապես Առնո Բաբաջանյանի արվեստից եւ արվեստից ընդհանրապես ոչինչ չեն հասկանում։ Այս առումով հատկապես տպավորիչ էր բանասեր Արտեմ Հարությունյանի խոսքը. «Ստալինյան ռեժիմի հրեշը նստած է մեզանից շատերի մեջ, եւ դա է պատճառը, որ արձանի առաջին տարբերակը խայտառակաբար հետ ուղարկվեցՙ ցույց տալով սնանկությունը մեր ճաշակի»։ Բանասերն ավելի հեռուն գնաց, համոզմունք հայտնելով, որ ինչքան ավելի շատ լինեն նման արձաններ, այդքան մեր ժողովուրդը կզարգանա, կքչանան դաժանություններն ու սպանությունները։ Նա արձանի տեղադրման օրը հրաշալի տոն համարեցՙ հավանաբար ուրախանալով, որ այս արձանը կազդարարի մեր ժողովրդի զարգացման սկիզբը, եւ դաժանություններն ու սպանությունները կսկսեն քչանալ։
Մինչ պաշտոնյաներն արձանի հեղինակների հասցեին գովեստի խոսքեր էին ասում, ճիշտ այդ ժամանակ այն երեւանցիները, ովքեր ներկա էին, իրենց դժգոհությունն էին հայտնում։ Նրանց, սակայն, լսող չկար. ինքնանպատակ միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները չափազանց տարված էին իրենցովՙ ինչ-որ երեւանցիների կարծիքը հաշվի առնելու համար։
Հետաքրքրական եւ մեր իրականությունը բնութագրող էր բացման բուն արարողությունից հետո տեղի ունեցածը. պաշտոնյաները գնացին սրճարանՙ իրադարձությունը նշելու։ Բողոքող երեւանցիների կողքին այս տեսարանը հատկապես տպավորիչ էր...
Այսօրվանից Առնո Բաբաջանյանի արձանը մեր քաղաքի անբաժան մասն էՙ դո՞ւր է գալիս երեւանցիներին, թե՞ ոչ։ Իշխանությունների այս մոտեցումը վաղուց արդեն նորություն չէ, նորություն չէ նաեւ որոշ մտավորականների պատեհապաշտությունը, որն իր հերթական դրսեւորումը գտավ երեկ։
Գուցե նրանք իսկապե՞ս հավատում են իրենց ասածներին։
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ