Մարդիկ բռնում են անօրինական միգրացիայի ճանապարհը շատ դեպքում տեղեկատվության պակասի պատճառով։ Այս իրողությունը հաստատում է վերջերս Հայկական սոցիոլոգիական ընկերակցության կատարած հետազոտությունը։ Մի թիվ այդ հետազոտությունից բավարար է, թերեւս, հասարակության անիրազեկության մասին պատկերացում կազմելու համար. հարցվածների շուրջ 40 տոկոսը կարծում է, որ առանց վիզայի հնարավոր է մեկնել եվրոպական երկրներ, կամ աշխատանք ունենալու համար թույլտվություն անհրաժեշտ չէ։
Անիրազեկությունն է պատճառը, որ հազարավոր մեր հայրենակիցներ հայտնվում են արտերկրում զարտուղի ճանապարհներով եւ տեղում, օրենսդրությունը շրջանցելով, փորձում են հիմնավորվել տվյալ երկրում, ապրում են հասարակությունից մեկուսացած, իրավապահներից թաքնված, որոշ դեպքում էլ տեղահանվում եւ զրկվում տվյալ երկիր հաջորդ անգամ մուտք գործելու իրավունքից։
Խնդրում մեծ է անհատ միջնորդների եւ կեղծ տուրիստական կազմակերպությունների մեղքի բաժինը, որոնք գումար աշխատելու համար պատրաստ են խաղալ մարդկային ճակատագրերի հետ։ Այդ գործունեությունն իրականացնողները, ցավոք, վերահսկելի չեն. պետական մարմիններն ու օրենսդրությունը թերացել են այս հարցում, եւ փաստորեն երկրից մարդկանց փոխադրումներով կարող է զբաղվել ով ուզի։
Պետական ամենաթողության տեսանկյունից նույնն է իրավիճակը մարդկային առեւտրիՙ թրաֆիկինգի առումով։ Խնդիրը կա, սակայն երեւույթի դեմ չենք պայքարում, եւ Հայաստանը մնում է կանայք ու երեխաներ արտահանող երկիր։ Այժմ հակաթրաֆիկինգային օրենքների շարք է մշակվում, ինչպես նաեւ նախատեսվում են փոփոխություններ արդեն գործող օրենսդրության մեջ։ Կտա՞ այս գործընթացն անհրաժեշտ պտուղները, ցույց կտա ժամանակը։
Անօրինական միգրացիայի հետեւանքների, նպատակակետ երկրում հիմնավորվելու հնարավորությունների մասին իմանալու համար մեր երկրում դժվարություններ կան։ Շատ երկրներում, այդ թվում նաեւ Ռուսաստանում, ամեն քայլափոխի կարելի է ձեռք բերել այս կամ այն երկիր մեկնելու պայմանների վերաբերյալ տեղեկատվություն։ Հայաստանում այդ տեղեկատվական բացը որոշ չափով լրացնում է Միգրացիայի միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչությանը կից գործող Միգրանտների սպասարկման կենտրոնը, որը պատրաստ է ցանկացողին տրամադրել հետաքրքրող տեղեկությունը։ Իսկ այցելուների քանակը փաստում է, որ, իրոք, կա տեղեկատվական պակասը։ Շատերի համար տեղեկության աղբյուր են արտերկրում արդեն եղած ծանոթները, բարեկամները, սակայն պարզ է, որ ոչ միշտ են նրանք նկարագրում իրական պատկերը։
Նույն տեղեկատվական պակաս պատճառով շատ քչերը գիտեն, թե ինչ որ անօրինական միգրանտը կարող էր անել մի քանի տարի առաջ, այժմ հնարավոր չէ։ Եվրոպական երկրները վերանայել են իրենց միգրացիոն քաղաքականությունըՙ նույնիսկ օրենսդրության փոփոխման ճանապարհով։ Ռուսաստանն էլ վերջերս բարդացրել է մուտքը երկրի տարածք։ Առավել խիստ են վերահսկվում նաեւ անօրինական միգրացիայի հնարավոր ուղիները։ Ուստի ճամպրուկը կապելուց առաջ անհրաժեշտ է մեկ անգամ եւս մտածել։
Մ. Հ.