Յունեսկոյի դեսպանի կոչումը ՌՀՄ նախագահին կհանձնվի հուլիսի 15-ին, Փարիզում
Հուլիսի 4-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն ընդունեց Ռուսաստանի հայերի միության նախագահ, խոշոր գործարար եւ ազգային բարերար Արա Աբրահամյանին։ Ինչպես Փարիզից հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակից Յուրի Ուլյանովսկին, շուրջ 1 ժամ տեւած տեսակցության ընթացքում Ժակ Շիրակը հետաքրքրվել է Ռուսաստանի հայերի միության աշխատանքներով, համահայկական միություն ստեղծելու Ա. Աբրահամյանի ծրագրով, Ռուսաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունների, ինչպես նաեւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հարցերով։ Այս կապակցությամբ երեկ Մոսկվայից ստացանք հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանի հարցազրույցը Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ավդեեւի հետ, որը թարգմանաբար տպագրում ենք ստորեւ։
¬ Ալեքսանդր Ալեքսեեւիչ, հուլիսի 4-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն ընդունեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, եւ դուք, որպես Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան, ներկա եղանք հանդիպմանը։ Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս անցավ հանդիպումը։
¬ Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում։ Նախ, նման մթնոլորտը բնորոշ է ռուս-ֆրանսիական հարաբերություններին։ Նախագահ Ժակ Շիրակը մեծ հարգանքով է վերաբերվում այն ամենին, ինչ կապված է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Նա Հայաստանի մեծ բարեկամն է։ Նա Արա Աբրահամյանին մանրամասն հարցուփորձ արեց, թե ինչպես է գործում ՌՀՄ-ն, միության գործունեության մասշտաբայնության տպավորության տակ էր. դրան, համենայն դեպս, մասնակցում են ռուսաստանցի 2,5 մլն հայեր։ Նա հանգամանորեն խոսեց, թե ինչպես պետք է օգտագործել հասարակական դիվանագիտությունը, որպեսզի կառուցվի քաղաքացիական հասարակություն, իրավական պետություն։ Ասաց, որ ինքը կողմնակից է Ղարաբաղի խնդրի արդարացի եւ շուտափույթ լուծմանը։
Հետո խոսք բացվեց բուն Ռուսաստանի գործերի մասին։ Նախագահը պարոն Աբրահամյանին հարցուփորձ արեց Ռուսաստանի տնտեսական վիճակի, երկկողմ կապերի մասին։ Պարոն Աբրահամյանը ոչ միայն ՌՀՄ նախագահն է, այլեւ մեր ամենահայտնի հասարակական գործիչներից մեկը, խոշոր գործարար, անբասիր հեղինակության տեր անձնավորություն, որը մեծ օրինավորությամբ է վարում գործերը։ Ահա այդպես էլ անցավ ամբողջ զրույցը։
- Ալեքսանդր Ալեքսեեւիչ, հուլիսի 15-ին Յունեսկոյի կենտրոնակայանում Արա Աբրահամյանին հանձնվելու է խաղաղության դեսպանի անձնագիր։ Այդ մասին նույնպե՞ս խոսվեց հանդիպման ժամանակ։
- Այո։ Նախագահն Արա Աբրահամյանին շնորհավորեց այդ խոշոր իրադարձության առթիվ, քանի որ դա կարեւոր է թե Ռուսաստանի եւ թե Հայաստանի համար։ Արա Աբրահամյանը հանդես կգա խաղաղության դեսպանի դերում։ Հազվագյուտ այդ կոչումը շնորհելիս նկատի է առնվում թեկնածուների միջազգային կարեւոր դերը խաղաղության, կայունության ամրապնդման մեջ, մշակույթի ամրապնդման, երկրների կապերի զարգացման մեջ։ Ժակ Շիրակն Արա Աբրահամյանին շնորհավորեց կոչման առթիվ, ափսոսանք հայտնեց, որ չի կարող նրան շնորհավորել հուլիսի 15-ին, քանի որ Ֆրանսիայի ազգային տոնիցՙ հուլիսի 14-ից անմիջապես հետո նա մեկնելու է։ Շիրակն ասաց, որ կոչումն, իհարկե, շնորհվում է ըստ արժանվույն, քանի որ պարոն Աբրահամյանի ինչպես հասարակական, այնպես էլ տնտեսական գործունեությունն արժանի է ամենայն դրվատանքի։
- Ալեքսանդր Ալեքսեեւիչ, հուսով եմ, որ հուլիսի 15-ին կհանդիպենք Փարիզումՙ խաղաղության դեսպանի անձնագրի հանձնման արարողության ժամանակ։
- Այդ արարողության ժամանակ ես որպես դեսպան կներկայացնեմ Ռուսաստանը, հպարտության զգացում ապրելով իմ համաքաղաքացու եւ հիանալի հայ բարեկամի համար։ Ես վստահ եմ, որ նման զգացում կապրեն արարողության բոլոր մասնակիցները։
- Շնորհակալություն, մինչ հանդիպում Փարիզում։
Հեռախոսազրույցը վարեց ՀԱՄԼԵՏ ՂՈՒՇՉՅԱՆԸ, Մոսկվա