ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանում նկատվում է Եվրախորհրդի առջեւ ստանձնած մի շարք պարտավորությունների կատարման ձգձգում, որոնց պատճառը, թերեւս, վերջին շրջանում երկրում իրար հաջորդած ընտրություններն են։ Այս մասին հայտարարեց ԵԽ Նախարարների կոմիտեի վերահսկող «Ագոյի խմբի» պատվիրակության ղեկավար Պիետրո Էրկոլե Ագոն, հուլիսի 7-ին, ՀՀ ԱԳՆ-ում կայացած ասուլիսում։ «Թեկուզ որոշ պրոբլեմներով, սակայն ընտրություններն արդեն ավարտվել են։ Հիմա կան մի շարք խնդիրներ, որոնք արագ պետք է լուծվեն», ընդգծեց պատվիրակության ղեկավարը։
Պատվիրակության այցն ընդհանուր առմամբ գնահատելով որպես արդյունավետ, Պիետրո Էրկոլե Ագոն նշեց, որ կան մի շարք պարտավորություններ, որոնց կատարման հարցում Հայաստանը թերացել է։ Նա մասնավորապես առանձնացրեց մահապատժի վերացման, ընտրական բարեփոխումների եւ սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցերը։ Ըստ նրա, Հայաստանում կայացած ընտրությունների ժամանակ հայտնաբերվել են Ընտրական օրենսգրքի մի շարք թերություններ, որոնք շուտափույթ շտկում են պահանջում։ Պատվիրակության ղեկավարը հույս հայտնեց, որ հաշվի կառնվեն նաեւ Եվրախորհրդի առաջարկությունները։
Ագոյի գնահատմամբ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ձախողվեց, սակայն այդ խնդիրը եւս մտնում է ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ եւ լուծում է պահանջում։ Նրա հավաստմամբ, հայաստանյան իշխանություններն այդ խնդրի լուծման այլ տարբերակներ գտնելու պատրաստակամություն են հայտնել։
Պիետրո Էրկոլե Ագոն հայտնեց, որ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է նաեւ «Նոյյան տապան» եւ «Ա1+» հեռուստաընկերություններին հաճախություն տրամադրելու հարցը։ «Հատկապես «Ա1+»-ին եթեր տրամադրելը լուրջ առաջընթաց կլինի մամուլի ազատության տեսանկյունից», նշեց նա։
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշեց, որ պատվիրակության հետ հանդիպմանը ներկայացվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, ինչպես նաեւ հայ-թուրքական երկխոսության արդյունքներն ու դրանց հնարավոր զարգացումները։