Հուլիսի 4-ին Հյուսիսային Իրաքի քրդաբնակ Սուլեյմանիե քաղաքում 11 թուրք զինվորականների ձերբակալությունը, որոնց ձերբակալող ամերիկյան ուժերը տեղափոխել էին Բաղդադ, որտեղ եւ կալանել, բուռն հակազդեցություն է առաջ բերել Թուրքիայում։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների առումով չափազանց տհաճ այս միջադեպին առաջինը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է արձագանքել։ Հուլիսի 6-ին նա արտգործնախարարության խորհրդական Ուղուր Զիյալի եւ վարչապետի գլխավոր խորհրդական Էնդեր Արաթի ներկայությամբ հեռախոսակապ է հաստատել ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի հետ։ Էրդողանը, ընդգծելով Թուրքիայում միջադեպի առաջ բերած տարակուսանքը, Չեյնիին ասել է. «Այս միջադեպը չի կարող բացասաբար չանդրադառնալ կարգավորման հունի մեջ հազիվ մտած թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։ Արարքը վայել չէ դաշնակցին։ Ակնկալում ենք, որ բարեկամ եւ դաշնակից ԱՄՆ-ը դաշնակցի պես կվարվի եւ իսկույն ազատ կարձակի մեր զինվորականներին»։
Ըստ «Ենի շաֆաքի», Չեյնին հետեւյալ պատասխանն է տվել Էրդողանին. «Թյուրիմացություն է տեղի ունեցել։ Թուրքիան մեր բարեկամն է եւ դաշնակիցը։ Ձեր զինվորականներին մինչեւ կեսգիշեր ազատ ենք արձակելու»։ Թեեւ նույն օրն ամերիկացիները կալանքից ազատել են թուրք զինվորականներինՙ վերադարձնելով նրանց Սուլեյմանիե, հանձնել են այնտեղ տեղակայված թուրքական զինված ուժերի հրամանատարությանը, սակայն դա չի կանխել երկրում հակաամերիկյան տրամադրությունների ծավալումը։
Ընդհակառակըՙ թուրք պետական եւ քաղաքական գործիչների հայտարարություններով դրանք թափ են ստացել։ Այս պայմաններում Թուրքիան ականատես է եղել հակաամերիկյան նոր ցույցերի։ Հայտարարություններից թերեւս հատկանշականը վարչապետ Էրդողանինն է։ Նա, «Ենի շաֆաքի» վկայությամբ, ասել է. «Մենք գիտենք, որ իրաքյան հիմնահարցի շրջանակներում քննարկվում են նաեւ այլ բաներ։ Բացարձակապես տեղի չենք տալու։ Մենք թույլ չենք տա, որ ոտնահարվի թուրքերի ազգային արժանապատվությունը։ Թող ոչ ոք դրանում չկասկածի»։ Էրդողանին է միացել նախորդ վարչապետըՙ Բյուլենթ Էջեւիթը, ասելով. «Մինչ օրս ԱՄՆ-ն այդպիսի սադրիչ եւ անվայել արարք թույլ չէր տվել։ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի այս վերաբերմունքը կարելի է միմիայն թշնամական որակել։ Հարցը պետք է դնել ՆԱՏՕ-ի օրակարգում, իսկ եթե նոտա է տրվելու, ապա սրանից ավելի լուրջ պատճառ լինել չի կարող»։
Էջեւիթին լրացրել էր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խմբակցության փոխնախագահ Մուսթաֆա Օզյուրեքըՙ հայտարարելով. «Հանրապետական Թուրքիայի ոչ մի շրջանում թուրք զինվոր դեռեւս չի գերվել։ Վարչապետը, նախարարներն անհապաղ պետք է հետաձգեն իրենց ծրագրած այցերը եւ երկրի նախագահի գլխավորությամբ հրավիրեն նախարարների խորհրդի արտակարգ նիստ, որպեսզի հնարավոր լինի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»։
Իր հերթին «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բախչելին պահանջել է, որ ԱՄՆ-ը ներողություն խնդրի թուրք ժողովրդից եւ թուրքական պետությունից։ Նա Հյուսիսային Իրաքում 11 թուրք սպայի ձերբակալությունը վերագրելով «ամերիկյան օկուպացիոն ուժերին», նրանց արարքը համարել է «տգեղ եւ ամբարտավան»։ Այդ ընթացքում «Երջանկություն» կուսակցության փոխնախագահ Շեւքեթ Քազանը, դիմելով թուրքական իշխանություններին, համարժեք քայլով ԱՄՆ-ին պատասխանելու կոչ է արել եւ նշել, որ «թուրքական բանակի դեմ թույլ տրված վիրավորանքը տխրահռչակ փաստ է, դա չի կարելի պատճառաբանել ամերիկացի գնդապետի քմահաճույքով»։
Միջադեպի առնչությամբ ԱՄՆ-ին դատապարտել է նաեւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը։ Այդ ընթացքում «Ազգայնական շարժում» կուսակցությունը Ստամբուլում ցույց է կազմակերպել։ Ցուցարարները փորձել են «Մարդասպան է ԱՄՆ-ը», «Քո դեմ թուրք ազգն է» կարգախոսներով շարժվել ամերիկյան գլխավոր հյուպատոսարան։ Թեեւ ցուցարարների առաջխաղացումը թուրքական ոստիկանության կողմից կասեցվել է, սակայն վերջիններս բախվել են Բանվորական կուսակցության կազմակերպած ցույցին։
Սրանք հակազդեցության դրսեւորումներ են։ Հարցը, սակայն, սոսկ հակազդեցությունը չէ, այլ թուրք-ամերիկյան հարաբերությունների վերստին սրումը։ Թվում է, թե իբրեւ սրման պատճառ 11 թուրք զինվորականների ձերբակալությունն անհամեմատ լուրջ է, քան Թուրքիային հասցեագրված ամերիկյան պետական գործիչների կշտամբանքներն էին։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ