Այս վերնագրով թուրքական «Զաման» թերթը հուլիսի 2-ի համարում տեղեկացնում է, որ Կարսի Դերեջիք գյուղում Թուրքական պատմագիտական ընկերության եւ Կարսի նահանգապետարանի համատեղ ջանքերով հայերի սպանած 360 թուրքի զանգվածային գերեզմանոցում նախորդ օրն սկսած աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել են բազմաթիվ գանգեր եւ կմախքի այլ մասեր։ Աճյունի մասերը պատանքել եւ նույն գերեզմանոցում թաղել են։ «Զամանին» հայտնել են, որ այդ միջադեպի վայրում Եվրոպայի թուրքական միությունների կոնֆեդերացիան պատրաստվում է հուշարձան կառուցել։
Ըստ «Զամանի», զանգվածային գերեզմանոցի բացմանը ներկա են եղել Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ դոկտոր, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուի գլխավորությամբ բազմաթիվ հրավիրյալներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտասահմանից։ Գերեզմանոցը վերջիններիս վրա ծանր տպավորություն է գործել, եւ նրանք ասել են, որ համանման աշխատանքներն արժանի պատասխան են հայերին, որոնք իբր կոտորածի զոհ են դարձել եւ այդպես ներկայանում են։ Գերեզմանոցի բացմանը ներկա է եղել նաեւ Գերմանիայից ժամանած ZDF հեռուստատեսությունը եւ նկարահանումներ է կատարել։
Ինչ վերաբերում է այսպես կոչված թուրքերի նկատմամբ հայերի իրագործած եղեռնի արդյունքը հանդիսացող վերոհիշյալ գերեզմանոցի պեղումներին, ապա դրանք ընթացել են Վանի համալսարանի պրոֆ. Աբդուսսելամ Ուլուչամի ղեկավարությամբ, որն էլ «Զամանին» ասել է, որ կմախքները մեծ մասամբ հրկիզված էին, դրանց գերակշռող մասը կանանց եւ երեխաներին էր պատկանում, եւ գերեզմանոցում հայտնաբերվել են նաեւ թուրքական ուլունքներ, ականջօղեր, այլ զարդեր։
Ուլուչամին լրացրել է Հալաչօղլունՙ ասելով. «Առ այսօր պեղումներում 40 գանգ է հայտնաբերվել։ Այս գերեզմանոցում թաղված է հայ ավազակների ոչնչացրած 360 թուրքի աճյունը։ Մենք բացելով այս գերեզմանը, կոտորածը փաստագրեցինք, եւ դրան ականատես եղավ համաշխարհային ողջ հասարակական կարծիքը։ Առաջիկա ամսում այստեղ հուշարձան ենք կառուցելու, որպեսզի կատարենք մեր բարոյական պարտքը անմեղ զոհերի առջեւ»։
Օգտվելով առիթից, նշենք, որ Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Հալաչօղլուն քաղաքավարության տեսանելի եւ անտեսանելի բոլոր սահմաններն անցնելու գնով, այսպես կոչված թուրքերի զանգվածային գերեզմանոցի բացմանը հրավիրել էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանին եւ արժանի պատասխան էր ստացել։ «Ազգը» հունիսի 26-ի համարում հրապարակեց Լ. Բարսեղյանի «Թուրք պատմագետների հերթական շոուն» խորագրով պատասխանը։
Հատկանշական է, որ Կարսում գերեզմանոցի Հայաստանի հետ մերձեցման թուրքական միտումներին զուգադիպող բացումը հաջորդել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին։ Թերեւս դրանով էլ բացահայտվել է այդ միտումների բուն էությունը։
Հ. Չ.