Գերմանիայում գործող Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը (ՑՃՀ) Հունիսի 28-29-ը Բեռլինում հրավիրված խորհրդաժողովում քննարկել է Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնահարցը, ինչպես նաեւՙ այդ հարցում հանձնախմբի որդեգրած հետագա մարտավարությունը։ Մեր թերթին հասցեագրած մամուլի հաղորդագրության մեջ Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի համանախագահ Ժիրայր Քոչարյանը հայտնել է, որ ՑՃՀ-ն 2000 թ.-ի ապրիլի 13-ինՙ 5000 եւ Ֆրանկֆուրտի «Ընդդեմ ցեղասպանության միությունը» Թուրքիայի քաղաքացիների 10000-ից ավելի ստորագրություններ հանձնեցին Բունդեսթագի խնդրագրերի հանձնախմբին։
2000 թ.-ի ապրիլի 5-ին Բունդեսթագը որոշեց խնդրագրի նկատմամբ դիրքորոշման իրավունքը փոխանցել արտգործնախարարությանը, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը պարզաբանվի «Գերմանիայի եւ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների շրջանակում, որը Գերմանիայի ժողովրդի պատկառելի մասի տեսակետն է»։ Այսպիսով, խնդրագրի հարցը բարձրացավ կառավարության մակարդակ եւ, առաջին անգամ Գերմանիայի պատմության մեջ, դարձավ կառավարությունների երկկողմանի խոսակցության առարկա։ Սակայն, 2001թ.-ի հոկտեմբերին գերմանական օրենսդիր մարմինը քննարկելով դիմումը հրաժարվեց պառլամենտական որեւէ որոշումից կամ դիրքորոշումից։ Ըստ ՑՃՀ-ի համանախագահ դոկտ. Թեսա Հոֆմանի զեկույցի, Գերմանիայում Ցեղասպանության ճանաչումը ձախողելու հիմնական պատճառներն էին 2001 թ.-ի հունիսին պաշտոնապես հիմնված «Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի» ծավալած կարճատեւ ու անպտուղ գործունեությունը եւ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը։
Հիմք ընդունելով ամերիկացի սոցիոլոգ Ռուդոլֆ Ռոմելիին, որը նոր ժամանակների ցեղասպանության ուսումնասիրության հիմնադիրներից է, ՑՃՀ-ն եկավ այն եզրակացության, որ «1900-1923 թ.թ. թուրքական տարբեր վարչակարգեր կոտորել են 3,5 մլն-ից մինչեւ 4 մլն 300 հազար հայերի, հույների, նեստորականների եւ այլ քրիստոնյաների»։
Իր ողջույնի խոսքում Գերմանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկն է, եւ իր կառավարությունն այս հարցում Սփյուռքի հետ համագործակցում է։ Հայաստանի Հայ դատի կենտրոնական գրասենյակի եւ Մյունխենի հայկական հարցերի հաստատության տնօրեն դոկտ. Էդուարդ Հովհաննիսյանն իր ելույթում շեշտեց, որ Ցեղասպանության ճանաչումը կամ դատապարտումը միայն բարոյական հարց չէ, այլ նաեւՙ քաղաքական պահանջների գոհացում։ Ելույթ ունեցավ նաեւ աստվածաբան, ավետարանական, Բեռլինի կաթողիկե եկեղեցու հաստատության մշակութային բաժնի պետ Մանֆրեդ Ռիխտերը։
Հայաստանից, Շվեյցարիայից եւ Գերմանիայից ժամանած համագումարի մասնակիցները բուռն ու կառուցողական քննարկման մթնոլորտում հաստատագրեցին շարունակել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքները։ Խորհրդաժողովին մասնակցեցին նաեւ արամեական քրիստոնյաների եւ պոնտոսահույների ներկայացուցիչները, ինչպես նաեւՙ մարդու իրավունքների պաշտպան գերմանաբնակ թուրք ներկայացուցիչներ։