ՀՌԱԿ ատենապետն «Ազդակ» ակումբի հյուրն էր
«Մեր պետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ։ Հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք ընտրություններից հետո ղարաբաղյան հարցը լուծելու փորձեր կարվեն», շաբաթ օրը «Ազդակ» ակումբում կայացած հանդիպմանը համոզմունք հայտնեց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։ Նա չի բացառում նաեւ պատերազմի վերսկսման հնարավորությունը, սակայն, պայմանավորելով ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ցանկությամբ, այլեւ տարածաշրջանում առկա հետաքրքրություններով։
Կապված Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վերջին զարգացումների հետ, սկսում է հնչել Հայոց ցեղասպանության հարցը։ ՀՌԱԿ ատենապետի խոսքով, անհրաժեշտ է, որ խնդրի շուրջ հայաստանյան եւ սփյուռքյան կազմակերպությունները նույն սեղանի շուրջ նստեն, ընդհանրական կարծիքի բացակայությունն անթույլատրելի է։
Ներքաղաքական իրավիճակի հետ կապված ավանդական կուսակցության ղեկավարը նոր մոտեցումներ չի հնչեցնում. խորհրդարանական ընտրություններից հետո արված հայտարարության մեջ կուսակցության մոտեցումը հստակ եւ որոշակի նշվում է. մեր երկրում արդար ընտրությունների համակարգի ձեւավորման կարեւորագույն քաղաքական խնդիր կա, այս մասին են վկայում 1995-ից մինչեւ օրս անցկացված ընտրությունները։
ԱԺ ընտրություններից հետո ավանդական կուսակցությունը կեցվածքային լուրջ տարբերություն ցուցաբերել չի պատրաստվում, այդուհանդերձ, հետընտրական շրջանում շատ շեշտադրումներ փոխվել եւ փոխվելու են։ Իշխանությունների նկատմամբ կուսակցության դիրքորոշումը գերազանցապես պայմանավորված է նրանց վարած քաղաքականությամբ։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին Ռուբեն Միրզախանյանը նշում է, որ առաջարկվող բարեփոխումներին հասարակությունը տեղյակ չէրՙ չտարվեց անհրաժեշտ աշխատանք։ Տպավորություն է ստեղծվում, որ ուղղակի չկար բարեփոխումներն իրականացնելու ցանկություն։
Լրագրողներին հետաքրքրող հարցերից մեկն էլ վերաբերում էր Ռուսաստանի հայերի միության Հայաստանում իրականացվելիք ծրագրերին։ Արդյոք չի՞ նվազել Արա Աբրահամյանի ակտիվությունը։ ՀՌԱԿ ատենապետի խոսքով, աշնանը լայնածավալ ծրագրեր կիրականացվեն, կշարունակվի համագործակցման ծրագիրը, հոկտեմբեր-նոյեմբերին մի քանի տասնյակ դպրոցներում համակարգչային դասարաններ կբացվեն։ Հոկտեմբերը կնշանավորվի եւս երկու կարեւոր իրադարձությունների անցկացմամբՙ Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի հայերի միության օրեր, Մոսկվայում տեղի կունենա Հայերի համաշխարհային նորաստեղծ միության հիմնադիր համագումարը։
Մ. Հ.