Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Վարդենիս էր մեկնել ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը։ Նպատակըՙ հետընտրական հանդիպումներն ու նորագիրների երդմնառություններն էին։ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության շարքերն ընդունվեցին եւս 21 հայրենասերներ, տալով երդում. «... Հանուն ազատության եւ հայրենիքի բոլոր սրբություններիՙ ծառայել ազգիս...»։
Երդմնառությամբ սկսվեց ՀՌԱԿ ղեկավարության հանդիպումը Վարդենիսի բնակչության հետ։ ՀՌԱԿ փոխատենապետը համառոտ ներկայացրեց կուսակցության անցած ուղին, հայրենանվեր եւ հայապահպան գործունեությունը, ինչպես նաեւ խոսեց ապագա անելիքների մասին։ Մասնավորապես մայիսի 25-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների վերաբերյալ, ինչպես ՀՌԱԿ մյուս հանդիպումների շրջանակներում, այստեղ նույնպես այն որակվեց որպես քվեագողություն, եւ ժողովականներն իրենց ելույթներում նշեցին, որ մեծ հույսեր չեն կապում «կոալիցիայի» հետ, քանի որ այն արհեստական, միմյանց հանդեպ թշնամությամբ լցվածների միություն է։
Իսկ ինչ վերաբերում է ՀՌԱԿ-ին, ժողովականները նշեցին, որ պետք չէ հուսահատվել։ Այսօրվանից պետք է պատրաստվել գալիք ընտրություններին եւ բոլոր մակարդակներում ունենալ սեփական թեկնածու, անկախ այն բանից, թե ստոր մարդիկ ինչ են ասում հեռուստաէկրանից, որը գնել են գրպանահատությամբ եւ հայրենակիցներին անվճար աշխատեցնելու ընթացքում հավաքած գումարներով։