«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2003-07-04 | #127, 2003-07-05 | #128, 2003-07-08


ՍԴ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՄԻ ՇԱՐՔ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ, ԲԱՅՑ...

Երեկ Սահմանադրական դատարանը շարունակեց խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով «Արդարություն» դաշինքի ցուցակի մի շարք պատգամավորների ներկայացրած դիմումի քննությունը։ Նիստը սկսվեց դիմող եւ պատասխանող կողմերի եզրափակիչ ելույթներով։

Դիմող կողմի ներկայացուցիչներն ընտրական համակարգում առկա խնդիրների եւ վիճակի համար մեղավոր համարեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Ընդհանուր առմամբ ընդհանրացնելով եւ հակիրճ անդրադառնալով այս օրերին Սահմանադրական դատարանում ներկայացված նյութերին ու տեղեկություններին, դիմող կողմը եզրակացրեց, որ խորհրդարանական ընտրություններն ընթացել են ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներով։ Մասնավորապես օրենսգրքի խախտումներով են բաշխվել քվեաթերթիկները, խախտումներով են կազմել ընտրացուցակները։ Էլի մի շարք խախտումներ, որոնք հիմք են հանդիսացել ընտրությունների արդյունքները կեղծելու համար։

Ըստ դիմող կողմի գնահատականների, զանգվածային ընտրախախտումներում կեղծվել է 400 հազարից ավելի ձայն։ Ընդ որում, դրա մոտ կեսն իրականացվել է հօգուտ «Հանրապետական» կուսակցության։ 70-80 հազարական կեղծված ձայներ են ստացել, դիմումատուի ներկայացմամբ, «Օրինաց երկիրն» ու Դաշնակցությունը։ Քիչ ավելի պակաս կեղծված ձայների իր քանակն է ձեւավորել նաեւ Միավորված աշխատանքային կուսակցությունը։

Հասկանալի է, որ ըստ դիմումատուների ներկայացուցիչների, ընտրություններում առաջատար են եղել «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանությունը», որոնցից էլ հիմնականում գողացվել են ձայները։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի, ընտրությունները եղել են ոչ այնպիսին, ինչպես ներկայացնում է դիմող կողմը։ Սրան ավելացվեց նաեւ, որ դիմումատուն հիմնականում քննադատում է օրենսդրական դրույթները։ Մինչդեռ հասկանալի է, որ դրանք չեն քննության առարկան։

Ի վերջո, դիմող կողմն իր եզրափակիչ ելույթի ավարտին պնդեց դիմումում ներկայացված իր պահանջները, իսկ պատասխանող կողմն էլՙ ընդհակառակը, եզրակացրեց, որ ընտրությունների արդյունքները պետք է մնան անփոփոխ։

Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Քննության առնելով համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ միակ դիմումը, դատարանը կայացրեց իր որոշումը, որը հրապարակեց ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը։ Ըստ որոշման, Սահմանադրական դատարանը գտավ, որ Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման վրա բացասաբար են ազդել ընտրական օրենսգրքի թերությունները։ Դատարանն ընդունեց, որ եղել են ընտրակեղծիքներ եւ այս դեպքում անհրաժեշտություն կա ժամանակին ընտրակեղծիքները բացահայտելու եւ մեղավորներին պատժելու հարցերի կապակցությամբ անդրադառնալ օրենսդրական դրույթներին։ Ըստ ՍԴ-ի, պետք է ավելի թափանցիկ լինեն այն տեղեկությունները, որոնք վերաբերում են նախընտրական շրջանում քարոզարշավների ֆինանսավորման համար ստեղծվող հիմնադրամների հետ կապված հարցերին։ Դատարանը ընդունեց նաեւ, որ պետք է վերանայել ընդհանրապես ընտրական հանձնաժողովների կազմավորման գործընթացը, քանի որ ընտրական հանձնաժողովները խթան են հանդիսացել որոշ ընտրախախտումների իրականացման համար։

ՍԴ-ն արձանագրեց, որ անհրաժեշտություն կա ընտրական գործընթացները հանրորեն ավելի վերահսկելի դարձնելու համար։ Որոշման մեջ նշվեց նաեւ, որ զանգվածային լրատվամիջոցները խախտել են հավասարության սկզբունքը, առկա են եղել լուսաբանման թերություններ։

Սահմանադրական դատարանը համաձայնեց նաեւ միջազգային դիտորդների այն եզրակացությանը, համաձայն որի, խորհրդարանական ընտրություններն, այնուամենայնիվ, դրական քայլ էին։ Ինչեւէ, Սահմանադրական դատարանը որոշեց, որ դիմումատուի ներկայացրած ընտրախախտումների վերաբերյալ բացարկները բավարար հիմք չեն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4