Ֆուտբոլի ՀՀ առաջնության 10-րդ տուրում ուշադրության կենտրոնում Գյումրիում կայացած «Շիրակ»-«Բանանց» հանդիպումն էր։ Հյուրերը խաղը կառուցելով հակագրոհների վրա, շնորհիվ արագաշարժ հարձակվողներ Արա եւ Արամ Հակոբյանների, ռեւանշի հասան առաջին շրջանում սեփական հարկի տակ կրած պարտության դիմաց։ Հաշիվը խաղասկզբում բացեց Արամ Հակոբյանը։ Շիրակցիներին հաջողվեց Կարեն Ալեքսանյանի խփած գոլի շնորհիվ վերականգնել հավասարակշռությունը։ Սակայն «Բանանցը» հերթական սրընթաց գրոհի ժամանակ հասավ հաղթանակի։ Հաղթական գոլը խփեց Արա Հակոբյանը, որը վերջին 6 հանդիպումներում դաշտից չի հեռանում առանց գոլի։
Աբովյանում «Կոտայքը» հյուրընկալել էր «Միկային»։ Երկու թիմերն էլ ակտիվ խաղ ցուցադրեցին, գոլային մի շարք պահեր ստեղծեցին, սակայն դրանցից միայն երկուսն ավարտվեցին դարպասի գրավումով։ 63-րդ րոպեին աչքի ընկավ Արտյոմ Ադամյանը։ Իսկ մինչ այդ, գոլային հարմար առիթները չօգտագործեցին Աֆյանը, Դավթյանը։ «Միկայից» երեք անգամ վտանգավոր հարված կատարեց թիմի ռմբարկու Արամ Ոսկանյանը։ Մի դրվագում «Կոտայքին» ժպտաց մարզական բախտը։ Ոսկանյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասի ձողին։ Խաղի վերջին 15 րոպեներն անցան «Միկայի» ֆուտբոլիստների առավելությամբ։ Նրանք կարող էին եւս մի քանի գոլ խփել, սակայն գնդակը միայն մեկ անգամ հայտնվեց մրցակցի դարպասում։ 75-րդ րոպեին տուգանայինից կատարած հրաշալի հարվածով Դավիթ Գրիգորյանը 2-րդ անգամ ստիպեց «Կոտայքի» դարպասապահ Էդիկ Երիցյանին գնդակը հանել ցանցից։ Երկրի չեմպիոն «Փյունիկը» առանց մեծ ճիգերի Արարատում առավելության հասավ «Արաքսի» նկատմամբ։ Ճիշտ է, առաջին խաղակեսում հաշիվը հավասար էր (1-1)։ Նախ Փաչաջյանն առաջ մղեց «Փյունիկին», ապա Աթաբեկյանը հավասարեցրեց հաշիվը։ Իսկ ընդմիջումից հետո «Փյունիկն» արդեն լիովին դրության տերն էր։ Աչքի ընկան 16-ամյա պատանիներ Էդգար Մանուչարյանը (2 անգամ) եւ Ժորա Հովհաննիսյանը (մեկ գոլ), ինչպես նաեւ արգենտինացի լեգեոներներ Սիստեռնան ու Պեռալտան։
«Դինամոյի» եւ «Լեռնագործի» մրցավեճում գրանցվեց ոչ-ոքի (1-1)։ Հաշիվը բացեց դինամոյական Ալբերտ Ներսիսյանը, բայց քիչ անց Կարեն Մանուկյանը խփեց պատասխան գոլը։ Ինչպես եւ «Շիրակի» հետ նախորդ խաղում, այս անգամ էլ դինամոյականները դարձան մրցավարական սխալի զոհ։ Մրցավար Տիգրան Հովսեփյանը չնշանակեց 11 մ հարված «Լեռնագործի» դարպասին։ Իսկ որ խախտում կար, հաստատեց հանդիպումից հետո խաղի տեսագրության դիտումը։
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 10 | 7 | 3 | 0 | 30-4 | 24 |
2. Բանանց | 10 | 6 | 2 | 2 | 17-7 | 20 |
3. Շիրակ | 10 | 6 | 1 | 3 | 15-9 | 19 |
4. Միկա | 10 | 5 | 0 | 5 | 14-14 | 15 |
5. Կոտայք | 8 | 4 | 2 | 2 | 10-9 | 14 |
6. Լեռնագործ | 9 | 2 | 2 | 5 | 9-14 | 8 |
7. Դինամո | 9 | 2 | 1 | 6 | 8-14 | 7 |
8. Արաքս | 10 | 0 | 1 | 9 | 2-34 | 1 |
Ռմբարկուները
Արա Հակոբյան («Բանանց») | 10 |
Արամ Ոսկանյան («Միկա») | 6 |
Էդգար Մանուչարյան («Փյունիկ») | 6 |
Արամ Հակոբյան («Բանանց») | 5 |
Արթուր Քոչարյան («Կոտայք») | 4 |
Իսա Տրաորե («Փյունիկ») | 4 |
Լեւոն Փաչաջյան («Փյունիկ») | 4 |
Կարեն Ալեքսանյան («Շիրակ») | 4 |