«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2003-07-04 | #127, 2003-07-05 | #128, 2003-07-08


ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ Է

Ժամանակն է լրջորեն զբաղվելու այս խնդրով

Երեք օր անընդմեջ պաշտոնական մամուլում հրապարակվում էր 2002 թ. 1 մլն դրամից ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողների ցանկը։ Ի վերջո պարզվեց, որ 801 ձեռնարկություններ Հայաստանում աշխատում են վնասով։ Վնասի ընդհանուր չափը մոտ 200 մլրդ դրամ է կազմում։ Հայաստանյան իրականությանն անծանոթ մարդու առաջին իսկ տպավորությունն այս ցուցանիշներից այն կլինի, որ մեր տնտեսությունը սրընթաց գահավիժում է։ Իսկ եթե նրան ասեն, որ տվյալ տարում Հայաստանը շուրջ 13 տոկոս տնտեսական աճ է ունեցել, հաստատ կմտածի, որ իր հետ չար կատակ են անում։ Սակայն փաստը մնում է փաստՙ տնտեսական աճը համատեղվում է ահռելի վնասներ հայտարարագրած հարյուրավոր ձեռնարկություններով։

Ընթերցողին, անշուշտ, կհետաքրքրի, թե ովքե՞ր եւ ի՞նչ նկատառումներով են վնաս ցույց տալիս։ Վնաս հայտարարագրելու ձգտում ունեն բոլոր տնտեսվարողներըՙ «տանիք» ունեն, թե՞ չունեն, խոշոր հոլդինգներ կամ խմբեր են, թե փոքր ձեռնարկություններ, առեւտրական օբյեկտներ են, արտադրական, թե բանկեր կամ հիվանդանոցներ, պետական են, թե մասնավոր։ Հարկային վնաս ցույց տալու գլխավոր նպատակը շահութահարկի վճարումից խուսափելն է։ Ճիշտ է, հանուն արդարության հարկ է նշել, որ կան բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք իսկապես վնասով են աշխատում։ Սակայն դա ամենեւին էլ արդարացման միջոց չէ, քանի որ վատ կառավարման պատճառով է նման իրավիճակ ստեղծվել։ Այս ձեռնարկությունները խոչընդոտում են առողջ ձեռնարկությունների գործունեությանը եւս։

Վնաս հայտարարագրածների մյուս մասը դա բացատրում է կատարված ներդրումներով, որոնց վերադարձից հետո սկսվում է շահույթ հաշվարկվել։ Օրենքը հնարավորություն տալիս է ներդրումներին հաջորդող առաջին տարիներին ծածկել վնասը, բայց իրականում այդ տարիներն անընդհատ ավելանում են, եւ չի երեւում վերջը, թե ե՞րբ են սկսելու շահութահարկ վճարել։ Բերենք մի քանի օրինակներՙ Երեւանի ոսկերչական գործարան, «Կոտայք» գարեջրի գործարան, Արարատի ոսկու արդյունահանման գործարան, Երեւանի ալրաղաց, «Ջերմուկ գրուպ», «Կոկա-կոլա բոթլերս Արմենիա», «Ռոյալ-Արմենիա», «Վեդի ալկո», Երեւանի համակցված կերերի գործարան, «Արաքս», «Ջրառատ» թռչնաֆաբրիկաներ, «Բարի լոտո», «Ինթերմոթոր Արմենիա», «Եվրամոթորս», «Սիլ-կոնցեռն», «Բարի սամարացի» եւ այլն։ Սրանցից որին հարցնես, կասենՙ մի քանի միլիոն դոլար ներդրումներ ենք կատարել եւ դեռեւս շահույթ չենք ստանում։ Միամիտների համար նախատեսված այս պատասխանին, բնականաբար, քչերն են հավատում։ Սակայն ապացուցել, որ նրանք պարզապես խուսափում են շահութահարկ վճարելուց ուռճացած ծախսեր ցույց տալով, գործնականում անհնար է։ Դա կարող են պարզել միայն հարկային մարմինները։ Այդ նպատակով ստեղծվեցին հատուկ հանձնաժողովներ, որոնց գործունեությունը քիչ թե շատ հաջող եղավ ընդամենը մեկ տարի։ Հիշեցնենք, որ նախորդ տարի հարկային վնաս հայտարարագրածների թիվը փոքր-ինչ նվազ էր, բայց հարկային վնասի չափը մոտ 95 մլրդ դրամ էր, ինչը մոտ 50 մլրդ դրամով պակաս էր նախորդ տարվա ցուցանիշից։ Այս տարի այդ գումարը դարձյալ կտրուկ ավելացավ։ Անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ էին ստեղծվել հատուկ հանձնաժողովները եւ ընդհանրապես հարկային ծառայության մի քանի հազար աշխատակիցներն ինչի՞ համար են աշխատավարձ (որն, ի դեպ, հուլիսի 1-ից բարձրացվեց) ստանում։

Անցյալ տարի նույն խնդիրը բարձրացրինք։ Անցավ մեկ տարի, բայց հարկային ծառայությունը որեւէ կերպ չանդրադարձավ այս հարցին։ Թերեւս այստեղ օրենսդրության փոփոխության կամ հարկային վարչարարության խստացման խնդիր կա։ Հարկային ծառայության պետի տեղակալն այն ժամանակ կարծիք հայտնեց, որ օրենքի փոփոխության անհրաժեշտություն չկա եւ գործող օրենսդրությունը հնարավորություն տալիս է խնդիրը կարգավորելու։ Ժամանակը ցույց տվեց հակառակը։ Գուցե այժմ կգիտակցվի օրենքի փոփոխության անհրաժեշտությունը։ Հարկային ծառայության արդեն նախկին պետին առաջարկել էինք առանձին-առանձին հրապարակել չհիմնավորված ծախսեր ներկայացնողների եւ իսկապես վնասով աշխատողների անվանումները։ Պատասխանն էրՙ կքննարկենք։ Հասկանալի է, որ ոչինչ էլ չի քննարկվել։

Կարծում ենք, որ ժամանակն է իսկապես լրջորեն խորհելու այս խնդիրը լուծելու մասին, եթե կառավարությանը հետաքրքրում է։ Իսկ որ որոշակի լուծումներ կգտնվեն, անկասկած է։ Ի վերջո հեծանիվ հայտնագործելու կարիք չկա, եւ գոյություն ունի միջազգային փորձ։ Պարզապես ցանկություն է անհրաժեշտ, ինչի բացակայությունն իշխանությունների մեջ մեր զարգացման գլխավոր խոչընդոտն է։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4