«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2003-07-04 | #127, 2003-07-05 | #128, 2003-07-08


ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՄԱՄՈՒԼ

Թերեւս առաջին անգամն էր, որ պետական մի հիմնարկ, այս պարագայումՙ ՀՀ Կենտրոնական բանկը, առանց տեղական կամ միջազգային դրամաշնորհի, Հայաստանում կազմակերպել էր սեմինար-խորհրդակցություն, այն էլ այդքան կարեւոր թեմայիՙ «Բանկային եւ տնտեսական բարեփոխումներ. Անցման շրջանում տնտեսական նոր հարաբերությունների նկատմամբ հասարակական կարծիքի ձեւավորման խնդիրները» հարցի շուրջ։ Եվ հավանաբար դա էր պատճառը, որ 2 օր ԿԲ-ի Ծաղկաձորում գտնվող մասնաշենքում ֆինանսական պատասխանատուների, բանկիրների եւ լրատվական ոլորտի ներկայացուցիչների միջեւ շահագրգիռ խոսակցություն, քննարկում ու բանավեճ տեղի ունեցավ վերոհիշյալ թեմայի եւ հարակից բազմաթիվ հարցերի շուրջ։

Սեմինարի առաջին օրըՙ հուլիսի 5-ին, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի «Տնտեսական եւ բանկային ռեֆորմների հասարակական ընկալումը, առկա հիմնախնդիրները» վերնագրով բացման զեկույցից հետո Հայաստանի բանկերի միությունից խոսեց նախկին նախարար Արմեն Եղիազարյանը, որին հաջորդեցին «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի, HSBC բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արարատ Ղուկասյանի, ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Աշոտ Մկրտչյանի եւ վարչության աշխատակից Վահագն Գրիգորյանի, «Առկա» լրատվական գործակալության տնօրեն Կոստանդին Պետրոսովի, «Ռեսպուբլիկա Արմենիի» օրաթերթի խմբագրի տեղակալ եւ «Գոլոս Արմենիի» օրաթերթի տնտեսական մեկնաբան Աշոտ Արամյանի, ԿԲ մամուլի քարտուղար Զառա Բարսեղյանի, «Կայմ» հեռուստաընկերության տնօրեն Ավետիս Բերբերյանի եւ «Շարմ» հոլդինգի մեդիա-տնօրեն Տիգրան Սաֆարյանի զեկուցումները։ Յուրաքանչյուր զեկուցմանը հաջորդում էին աշխույժ քննարկումներ։

Հաջորդ օրվա սեմինար-խորհրդակցությունը սկսվեց ԿԲ բանկային մեթոդաբանության եւ վերլուծությունների վարչության պետ Դավիթ Սարգսյանի «Առեւտրային բանկերի թափանցիկության ապահովմանն ուղղված պահանջները» թեմայով զեկուցումով, որին հաջորդեցին «Դելովոյ էքսպրես» թերթի գլխավոր խմբագիր Է. Նաղդալյանի, ԿԲ իրավաբանական վարչության պետ Փիրուզ Բադալյանի, «Յունիբանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Վարդան Աթայանի եւ «Արմինֆո» լրատվական գործակալության տնօրեն Էմմանուել Մկրտչյանի ելույթները, որոնք նույնպես ուղեկցվեցին քննարկումներով, մտքերի փոխանակմամբ եւ, երբեմն, մտքերի բախմամբ։

Վերջում արդյունքներն ամփոփեց ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը։ Նա հաստատեց, որ թեեւ Հայաստանի համար կարեւորագույն ռեֆորմներ են տեղի ունենում, սակայն լրջագույն խնդիրներ կան դրանց հասարակական ընկալման հարցում, ինչը պահանջում է բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացում, դեպի պետությունը հասարակական վստահության վերականգնում։ Նման պայմաններում խիստ մեծանում է մամուլի դերը։ Սակայն մեզանում զանգվածային լրատվական միջոցները, ի տարբերություն բանկային համակարգի, չունեն կորպորատիվ կազմակերպվածություն եւ, մյուս կողմից, քիչ է թիվը ֆինանսագետ-լրագրողների, ինչը դժվարացնում է դերակատարումն այս բնագավառում, մանավանդ պարզվում է, որ մամուլը նույնպես դժվարություններ ունի հասարակության վստահության հարցում։ Մյուս կողմից, մենք արդյունավետ չենք օգտագործում ժամանակակից գովազդի եւ PR ծառայությունների առավելությունները։ Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում նոր սեմինար հրավիրել, այս անգամ առեւտրային բանկերի ավելի լայն մասնակցությամբ։

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4