ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 7 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինացի մեր հայրենակից Էդուարդո Էռնեքյանին, որը մեղադրվում է պետական տուրքերից խուսափելու մեջ, լուրջ փորձություն է սպասում, որի մասին թերթերից մեկը կեսկատակ գրել է. «Պետությունը հակաօդային զենք է կիրառում Էդուարդո Էռնեքյանի դեմ»։ Վաղը որոշիչ օր է լինելու նրա համար։ Նրան կամ կհաջողվի խուսափել կալանքից, կամ ստիպված կլինի Իտալիայից շտապ վերադառնալ Բուենոս Այրես, որովհետեւ հինգշաբթի օրը անպայման պիտի ներկայանա դատավորին։
Վաղը դատական վերին ատյանը վերջնականապես պետք Է որոշի հարգե՞լ, թե՞ մերժել Էռնեքյանի պաշտպանների դիմումըՙ կալանքը բացառելու վերաբերյալ։ Անցած շաբաթ նման դիմում մերժել էր դատավոր Խուլիո Գրուսիանին։ Այնպես որ «Աէրոպորտոս Արգենտինա» ընկերության նախագահ Էռնեքյանն անհամբեր սպասելու է վերին դատական ատյանի որոշմանը։
Բուենոս Այրեսում լույս տեսնող «Էլ Կլարին» օրաթերթը գրում է, թե Էռնեքյանը, որ Արգենտինայի ամենամեծ հարուստներից է, առաջին մեծ թիրախն է, որին ընտրել է հարկերի հավաքման վարչությունը նոր նախագահի օրոք։