«Ազգ» օրաթերթի հուլիսի 5-ի համարում տպագրվել է լրատվություն, որ Դեբեդ գետում լողացող չորս երեխաներ հունիսի 28-ին տեղափոխվել են հիվանդանոցՙ մաշկի ցանով, սրտխառնուքով եւ թունավորման այլ նշաններով։ Ըստ հիշյալ լրատվությանՙ Ալավերդու բնակիչները կարծում են, որ թունավորումն առաջացել է «Էյ Սի Փի» ընկերության Դեբեդից ոչ հեռու գտնվող մկնդեղի թափոնների գերեզմանոցից թույնիՙ անձրեւաջրերի հետ գետ լցվելու հետեւանքով։
Ինչպես տեղեկացանք ընկերության ընդհանուր հարցերով վարչության պետ Անդրանիկ Ղամբարյանիցՙ թափոններն անհրաժեշտ չափով վնասազերծված են եւ չեն թունավորում գետի ջուրը։
«Ալավերդու հիվանդանոց» ՊՓԲԸ-ի տնօրեն Համլետ Շահինյանը հավաստիացրեց, որ թունավորման նշված ախտանշաններով այդ եւ հետագա օրերին երեխաների չեն ընդունել բուժհիմնարկ։ Ալավերդու համաբուժարանի տնօրեն Սվետլանա Քառյանը, մաշկավեներոլոգ Սերգեյ Նազարյանը եւս հավաստեցին, որ նման բողոքներով երեխաներ չեն դիմել։ Նույնը հավաստեցին թաղամասային բժիշկները եւ քաղաքի հիգիենիկ ու հակահամաճարակային հսկողության կայանի պետ Հայկազ Ամիրաղյանը։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ