«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2003-07-05 | #128, 2003-07-08 | #129, 2003-07-09


ՇՐՋԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱ՞Ն

«Առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայում 1,5 մլն հայերի կոտորածից 88 տարի անց Մ. Նահանգների ամերիկահայ համայնքն առաջին անգամ զգում է, որ գուցե ամերիկյան Կոնգրեսը վերջապես ճանաչի հայերին բաժին ընկած ցեղասպանության փաստը», գրում է Նաթան Գութմանն իսրայելական «Հաարեց» թերթի հունիսի 30-ի համարում։

Օսմանյան կայսրությունում 1915-18 թթ. կատարվածը հստակորեն Ցեղասպանություն որակող բանաձեւն արդեն ընդունել է Ներկայացուցիչների պալատի արդարադատության խորհուրդը, եւ ներկայումս նմանօրինակ մի նախագիծ էլ ներկայացված է Սենատի քննարկմանը, շարունակում է թերթը, նշելով, որ անցյալում այդ առնչությամբ կատարված փորձերը տապալվել են, քանի որ Ամերիկայի վարչակարգը «հետեւողականորեն ավելի պատրաստակամ է եղել պաշտպանելու թուրքերի քան հայերի շահերը»։ Այժմ ամերիկահայ համայնքի անդամները հավատում են, որ իրենց հնարավորությունները մեծացել են, «ոչ թե որովհետեւ ամերիկացիների շահագրգռվածությունն է աճել հայերի նկատմամբ, այլ որովհետեւ իրաքյան պատերազմից սկսած հակաթուրքական մի ալիք է թեւածում Մ. Նահանգներում»։

Ներկայացուցիչների պալատում բանաձեւը համաձայնության էր արժանացել Ցեղասպանության մասին համաձայնագրի ՄԱԿ-ի ընդունման 15-րդ տարեդարձի առթիվ։ Դրանում Հայոց ցեղասպանությունը նշվում էր մի շարք այլՙ Նամիբիայում, Ուկրաինայում, Ռուանդայում, Կամբոջայում, Սուդանում եւ Բոսնիայում կատարված ցեղասպանությունների թվում, բայց հստակ քննարկում էր երկու փուլով (1915-18 եւ 1920-32) տեղի ունեցած տեղահանումները, առեւանգումները, զանգվածային կոտորածները եւ վայրագությունները։

«Օրենսդրական գործընթացը երկար է, ¬այնուհետեւ գրում է Գութմանը, ¬արդարադատության խորհրդի ճանաչելուց հետո բանաձեւը պետք է ներկայացվի պալատի պլենար նիստին, նաեւ Սենատին, որտեղ դեռ համապատասխան հանձնաժողովը չի քննարկել։ Անցյալ տարի այդ գործընթացը ձախողվեց, որովհետեւ Սենատն արձակուրդի գնաց նախքան բանաձեւի քննարկումը։

Այս անգամ էլ խոչընդոտները շատ են։ Գլխավորներից մեկն ամերիկյան վարչակարգի հստակ դիրքորոշումն է, որը մերժում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ներկայացուցիչների պալատի արդարադատության խորհրդին ուղղված իր նամակում պետքարտուղարի օգնական Ջիմ Սենսենբրեներ կրտսերը եւ օրենսդրական հարցերի պատասխանատու Պոլ Քելլին բացատրել են, որ Հայոց ցեղասպանության նշումը բանաձեւում կարող է բարդացնել միջազգային ասպարեզում Մ. Նահանգների հետապնդած շահերի խնդիրները։ «Դա կարող է խանգարել Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու եւ թուրք-հայկական հաշտեցման հասնելու մեր ջանքերին», նշված է այնտեղ։

Թուրքերը ճնշում են բանեցնում ինչպես վարչակարգի, այնպես էլ Կոնգրեսի վրաՙ ձախողելու ներկայացված բանաձեւը կամ առնվազն փոխելու շարադրանքը։ Հայերը պնդում են, որ թուրք ներկայացուցիչները Մ. Նահանգներում տպավորություն են ցանկանում ստեղծել, որ հաշտեցման եզրեր են փնտրում եւ նմանատիպ բանաձեւերի ընդունման կարիք չկա», ավարտում է լրագրողն իր հոդվածը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4