«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2003-07-05 | #128, 2003-07-08 | #129, 2003-07-09


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՍԱՖԱՐ ԱԲԻԵՎԸ ԻՋԵՎԱՆԻ ՄՈՏ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԸ

Երեկ հայ-ադրբեջանական սահմանային գոտում, Իջեւանի հարեւանությամբ, հանդիպում են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ Ինչպես հաղորդում է Արմենպրես գործակալությունը, Սերժ Սարգսյանն ու Սաֆար Աբիեւը քննարկել են հրադադարի ռեժիմի պահպանման ու սահմանային միջադեպերը բացառելու հետ կապված հարցերը։

Թեեւ գործակալությունը հավելյալ մանրամասներ չի հայտնում հանդիպման մասին, սակայն արժե հիշեցնել, որ վերջին 10 օրերի ընթացքում սահմանային բնույթի բախումների ու ներթափանցումների մասին լուրերն անպակաս էին ադրբեջանական մամուլում, ինչին երբեմն հերքմամբ էր պատասխանում հայկական կողմը։ Երկու երկրների նախարարների հանդիպումը ապացուցում է, որ ադրբեջանական մամուլի տեղեկությունները բոլորովին անհիմն չէին։ Դրանց հիմնավոր լինելը փաստում է նաեւ «Ազատ Արցախ» թերթը, որը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ դեպի ղարաբաղյան բանակի առաջավոր գիծ դիրքերը տեղաշարժելու ադրբեջանական որեւէ փորձ խստորեն կկասեցվի։ Հակառակ դրան, ավելացնում է թերթը, վերջին օրերին հակառակորդի զինված կազմավորումները կրկին նման գործողություններ են ձեռնարկել հարավ-արեւելյան ուղղությամբ, որոնց արժանի հակահարված են տվել ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները։

Հետեւաբար, տրամաբանական է, որ երկու նախարարների հանդիպումը միտված էր նմանատիպ դեպքերի ու լարվածության շիկացման առաջն առնելուն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4